Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կառավարության պատասխանտվության մասով՝ օրենքն անկեղծ չէ»․ Սմբատ Գոգյանը՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի մասին

«Կառավարության պատասխանտվության մասով՝ օրենքն անկեղծ չէ»․ Սմբատ Գոգյանը՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի մասին
Քաղաքականություն / Հասարակություն
17:08, 10 февраль 2021
Այսօր ԱԺ-ի նիստի օրակարգային «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կարծիք հայտնեց, որ  նախագիծն արտացոլում է բարձրագույն կրթության և գիտության միջազգայնացմանն ուղղված ներկա միտումները: Ըստ Դումանյանի` օրինագծի հիմնական նպատակն է բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրավահավասարության ապահովումը, խտրականության բացառումը, թափանցիկության և հրապարակայնության, բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարության ապահովումը:

 «Եթե կառավարությունը այդ ճանապարհով  է գնում,  նշանակում է,որ ինքն իր վրա է վերցնում որոշում կայացնելու ամբողջ պատասխանատվությունը, հետեւաբար պետք է նաեւ միջոցներ ներդնի, որ այդ պատասխանատվությունը ստանձի, բայց եթե օրենքի նախագիծը նախատեսում է, որ բյուջեից լրացուցիչ հոսքեր չեն լինելու, ապա հարց է առաջանում, թե ինքը ինչ պատասխանատվություն է վերցնում՝ մասնագիտական, թե զուտ քաղաքական, որ ոլորտում լինի իր ուզած մարդը․ այդ հարցում կարծում եմ՝ օրենքը անկեղծ չէ եւ այդ հարցին պատասխան չի տալիս»,- նշեց ԲՈԿ նախկին նախագահ Գոգյանը Civic.am-ի հետ զրույցում։

Ըստ նախարարի` ոչ թե բուհերին ֆիքսված պետպատվեր է տրամադրվելու, այլ դրամաշնորհի շրջանակում այլ աջակցությունը տրվելու է բուհ ընդունված անձին, ընդունվելուց հետո ինքն է որոշելու, թե տվյալ մասնագիտությունը որ բուհում ստանա:

 «Ընդհանուր առմամբ գրված է, որ բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում, այսինքն՝ գումարը կարող է վերաբաշխվել, բայց այն չի փոխում, բարձրագույն կրթությանը տրամադրվող գումարը կմնա ընդհանուր նույնը»,- ասաց Սմբատ Գոգյանը՝ անդրադառնալով բուհերի ֆինանսավորմանը։

Գեղամ Ադյան