Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» դաշինքը Գորիսում աշխատավարձով Առուշանյանի աջակիցներ է հավաքագրում՝ բողոքի ակցիաներ կազմակերպելու համար

«Հայաստան» դաշինքը Գորիսում աշխատավարձով Առուշանյանի աջակիցներ է հավաքագրում՝ բողոքի ակցիաներ կազմակերպելու համար
Քաղաքականություն
18:54, 12 октябрь 2021
Հոկտեմբերի 17-ին Սյունիքի Գորիս համայնքում կայանալիք ավագանու ընտրություններին ընդառաջ՝ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, ներկայումս անազատության մեջ գտնվող Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի թիմակիցները մոբիլիզացրել են իրենց ռեսուրսները։ 

Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով՝ «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը մտադիր է օգտագործել ընտրությունների առիթը Սյունիքում ընդդեմ իշխանությունների կրկին բողոքի ալիք բարձրացնելու համար։ Այդ նպատակով Առուշանյանը, նրա մերձավորները, Քոչարյանի մյուս թիմակիցները լծվել են աշխատավարձով մարդ-ակտիվիստ հավաքելու գործին։ 
Գորիսում  ներկայումս վճարովի ցուցարարների իսկական բում է սկսվել, որոնք հավաքագրվում են Առուշանյանի և «Հայաստան» դաշինքի հետ ասոցացվող նորաստեղծ կառույցներում և առաջիկայում պետք է հրահանգի դեպքում ակտիվություն ցուցաբերեն։ 

Ցուցարարներին վճարելու գործում պարտավորություններ է ստանձնել նաև Առուշ Առուշանյանի հայրը՝ գործարար Գագիկ Առուշանյանը, ով լծվել է որդու պաշտպանության գործին և անգամ իրենց պատկանող բիզնեսների շենքերի վրա որդու նախընտրական պաստառները փակցրել։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Սյունիքի Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ համայնքներում, ինչպես նաև Դիլիջան և Գյումրի քաղաքներում։
Քաղաքապետի թեկնածու Առուշ Առուշանյանը, ինչպես հայտնի է, այս պահի դրությամբ անազատության մեջ է և անցնում է մի քանի քրեական գործերով։ Առուշանյանը գլխավորում է «Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունների դաշինքը։ Նոր դաշինքը կկոչվի «Առուշ Առուշանյան»։ Ընտրվելու դեպքում, սակայն, Առուշանյանը բավական երկար ժամանակ, թերևս, չի կարող իրացնել իր լիազորությունները։ 

Առուշանյանն անցնում է մի քանի քրգործերով. առաջադրված մեղադրանքներով նրան կարող է սպառնալ ավելի քան 7 տարվա ազատազրկում։