Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե Փաշինյան-Պուտին հանդիպումը լիներ երկու շաբաթ առաջ, երբ իրավիճակը շատ ավելի անկայուն էր, ապա հանդիպումը բավական մտահոգիչ կլիներ. Ներկայում որոշակի կայունացում կա

Եթե Փաշինյան-Պուտին հանդիպումը լիներ երկու շաբաթ առաջ, երբ իրավիճակը շատ ավելի անկայուն էր, ապա հանդիպումը բավական մտահոգիչ կլիներ. Ներկայում որոշակի կայունացում կա
Քաղաքականություն
19:53, 12 октябрь 2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն  աշխատանքային այցով Ռուսաստանում է։ Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի՝ Մոսկվայում սպասվում է Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Օրակարգում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Նշենք, որ սա այս տարի Փաշինյան-Պուտին արդեն չորրորդ հանդիպումն է։

Քաղաքագետ Արեգ Քոչինյանի խոսքով՝ եթե այս հանդիպումը լիներ երկու շաբաթ առաջ, երբ իրավիճակը շատ ավելի անկայուն էր, ապա հանդիպումը բավական մտահոգիչ կլիներ, և բացասական սպասելիքներ կլինեին, բայց հիմա, երբ իրանական որոշակի դրական ազդեցություն տարածվեց տարածաշրջանի վրա, և որոշակի կայունացում է նկատվում, ապա այդ կոնտեքստում հանդիպումը դրական է:

 «Որոշակի կայունացում մենք ունենք, բայց ամեն դեպքում այն սպառնալիքները, այն խնդիրները, որոնք մենք ունենք, և որոնք առաջացել են մեր տարածաշրջանում մեր կրած պարտությունից հետո, այդ խնդիրները ոչ մի տեղ չեն անհետացել, և դրանց ֆոնին ռուսական ազդեցության աննախադեպ աճն էլ թե տարածաշրջանի, թե մեր երկրի վրա ոչ մի տեղ չի անհետացել։ Այնպես որ, ցանկացած հանդիպում, այն էլ՝ այսքան բարձր մակարդակով և բազմաշերտ, ունի որոշակի կայուն սպառնալիքներ, որոնք կապված են մեր ինքնիշխանության մակարդակի նվազեցման ռուսական շարունակական միտումների հետ։ Հիմա, թե  ինչքանով մեր իշխանությունները կկարողանան դիմակայել այդ միտումներին, ճնշումներին՝ դժվար է ասել»,- ասաց Քոչինյանը՝ հավելելով, որ անկախ ամեն ինչից՝ վտանգներ կան, այդ վտանգները առաջացել են պատերազմից հետո, և մինչ այս պահը որևէ լուրջ քայլ չի արվել այդ վտանգները չեզոքացնելու կամ անգամ կառավարելի դարձնելու ուղղությամբ։ «Օրինակ՝ նման քայլ կարող է լինել հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի հետ։ Դա որոշակի չափով մեզ համար կառավարելի կդարձնի հայ-ռուսական հարաբերությունները, ռիսկերը կառավարելի կդառնան, բայց այդ ուղղությամբ առանձնապես տեղաշարժ չկա»,- ասաց Քոչինյանը։  
 
Քաղաքագետի դիտարկմամբ՝ ինչպես հայտնի է,  այս հանդիպման ընթացքում քննարկվող հարցերից են լինելու նաև նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները: Մեր զրուցակի խոսքով՝ այդ հայտարարությունները բաց փաստաթղթեր են, որոնք թողել են բավական լայն մեկնաբանության տեղ, ինչն արված է միտումնավոր, որպեսզի ռուսական կողմը ցանկացած պահի կարողանա կառավարել այդ հայտարարությունները իր ցանկությամբ, մեկնաբանել՝ ինչպես կուզենա։ «Մինչ այս պահը ես չեմ տեսնում որևէ նախանշան, ըստ որի՝ Ռուսաստանը հանկարծ պետք է սկսի այդ փաստաթղթերը մեկնաբանել հօգուտ Հայաստանի։ Եթե ամեն ինչ մնա նույն վիճակում, ինչպես այս պահին է, ապա մեզ համար գոնե նախընտրելի է։ Իհարկե, գերիների հարցով չէ։ Այդ հարցը հնարավորինս շուտ պետք է բավարարվի, բայց  Ադրբեջանը հիմա դրան չի գնա, քանի որ մեր առաջ հստակ պահանջներ է դրել։ Մասնավորապես,  տարածքային ամբողջականության ճանաչում։ Մինչև Ադրբեջանը դրան չհասնի, ապա իր ձեռքում մեզ վրա ճնշում գործադրելու հզոր լծակից չի հրաժարվի»,- եզրափակեց քաղաքագետը։