Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սա նոր փուլի սկիզբն է. Առաջարկել ենք Ջաբահար նավահանգիստն օգտագործել որպես միջազգային տրանսպորտային միջանցքի հանգույց. Հնդկաստանի ԱԳ նախարար

«Ես շատ ուրախ եմ այցելելու այս գեղեցիկ քաղաք Երևանը: Այս այցը նոր փուլի սկիզբ է մեր երկու երկրների միջև համագործակցության համար»,- այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց Հնդկաստանի արտգործնախարար Ջայշանկարին:

Նա նշեց, որ Հնդկաստանը այն երկրներից է, որ առաջինը ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը և հաստատեց դիվանագիտական հարաբերություններ. «Մեր բարեկամությունը դարերի պատմություն ունի՝ սկսած միջնադարից: Հայկական համայնքի նպաստը Հնդկաստանի պատմությանը շատ մեծ է»:

Հնդկաստանի ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանը անցած տարի շատ բարդ փուլ է անցել, և Հնդկաստանի կառավարության ու ժողովրդի անունից ցավակցություն հայտնեց հայ ժողովրդին և հատկապես նրանց, ովքեր կորուստներ են ունեցել:

«Այսօր և երեկ ես ունեցա շատ արդյունավետ հանդիպում իմ գործընկեր ԱԳ նախարարի հետ: Մենք ակնարկեցինք համապարփակ մեր երկկողմ հարաբերությունները, մեծամասամբ համաձայնեցինք մեր հետագա համագործակցության և տարբեր ոլորտներում փոխանակումների վերաբերյալ»,- նշեց նա:

Հնդկաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ պարզապես ծովային և ցամաքային հաղորդակցության պակասն է խոչընդոտում տնտեսական և առևտրային փոխանակումներին:

«Հայաստանն ու Հնդկաստանը հանդիսանում են տրանսպորտային միջանցքի անդամ, որը ապագա ունի: Միրզոյանն ու ես քննարկեցինք ՀՀ կողմից դրսևորված հետաքրքրությունը Իրանում Ջաբահար նավահանգստի օգտագործման առնչությամբ, նաև առաջարկեցինք, որ նավահանգիստն օգտագործվի որպես միջազգային տրանսպորտային միջանցքի հանգույց»,- նշեց Հնդկաստանի արտգործնախարարը:
Ինչ վերաբերում է անվտանգությանը, նա նշեց, որ իրենց դիրքորոշումն անխախտ է՝ իրենք կողմնակից են հակամարտության խաղաղ, դիվանագիտական կարգավորմանը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում:

Ներկայացնելով իրենց օրակարգը՝ Ջայշանկարին նշեց, որ իրենք նախատեսում են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: