Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բարձր ենք գնահատում Հնդկաստանի սկզբունքային դիրքորոշումն ու աջակցությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործում. Արարատ Միրզոյան

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Հնդկաստանի ԱԳ նախարար Ջայշանկարին համատեղ մամուլի ասուլիս են անցկացնում:

Ինչպես նշեց Արարատ Միրզոյանը, սա Հնդկաստանի ԱԳ նախարարի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն: «Այս այցը վկայում է մեր երկու բարեկամ պատությունների և ժողովուրդների միջև օրեցօր ընդլայնվող և խորացող հարաբերությունների մասին, և անկասկած այցը կխթանի հայ-հնդկական համագործակցությանը  բոլոր ոլորտներում»:

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ Հնդկաստանի հետ համագործակցության հետագա ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է: Նա գոհունակություն հայտնեց Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ պայմանավորվածությունների կապակցությամբ և վերահաստատեց հայկական կողմի պատրաստակամությունը բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու:

«Այս տարի լրանում է մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և մենք պետք է միասին քայլեր ձեռնարկենք քաղաքական, տնտեսական, պաշտպանական, մշակութային ոլորտներում մեր համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ»,- ասաց Արարատ Միրզոյանը և շնորհավորեց Հնդկաստանին ՄԱԿ ԱԽ-ում անցած արդյունավետ նախագահության կապակցությամբ. «Մենք աջակցում ենք Հնդկաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական անդամություն ստանալու հարցում»:
Հնդկաստանը կարող է իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում կայունությանը, զարգացմանը և խաղաղությանը, նկատեց ՀՀ ԱԳ նախարարը և հավելեց. «Մենք բարձր ենք գնահատում Հնդկաստանի սկզբունքային դիրքորոշումը և շարունակական աջակցությունը ԼՂ հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում:

Մենք բարձր ենք գնահատում այս տարվա մայիսին արված Հնդկաստանի ԱԳՆ հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է հետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից»: