Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկել ենք Հնդկաստանի և Հայաստանի միջև ուղիղ հաղորդակցության հաստատման խնդիրը. ՀՀ ԱԳ նախարար

«Մենք բնականաբար անդրադարձել ենք մեծ տարածաշրջանում ենթակառուցվածքների հարցին: Մենք քննարկել ենք և Հյուսիս-հարավի, և Ջաբահար նավահանգստի շուրջ ընթացող վերջին դրական զարգացումները, ինչպես նաև Հնդկաստանի և Հայաստանի միջև ուղիղ հաղորդակցության հաստատման խնդիրը: Քննարկել ենք Հայաստանից դեպի հյուսիս՝ Վրաստանով դեպի Ռուսաստան և գուցե նաև հետագայում դեպի Սև ծով, դեպի Եվրոպա տարանցիկ փոխանցումների հարցը»,- այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Ինչ վերաբերում է Պարսից ծոց-Սև ծով նախաձեռնությանը, Միրզոյանը տեղեկացրեց, որ իրանական կողմի հետ երեկ քննարկվել է այդ հարցը. «Կարող եմ ասել, որ այս ծրագրի առումով ևս իրադարձությունները բավականին դինամիկ են զարգանում, և հուսամ՝ մոտ ապագայում կունենանք համաձայնություն այդ փաստաթղթի շուրջ»:

Հնդկաստանի ԱԳ նախարարն էլ հավելեց, որ հաղորդակցությունը շատ կարևոր է միջազգային հարաբերություններում. «Տրանսպորտային միջանցքները շատ կարևոր են, և գնահատում ենք Հայաստանի մասնակցությունը դրան, որը կավելացնի լրացուցիչ տարբերակներ, լրացուցիչ հնարավորություններ»: