Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի ներքո՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել. Արարատ Միրզոյան

Հայաստանը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների վերսկսումը: Այս մասին այսօր Հնդկաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսին ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և շեշտեց, որ Հայաստանը ԼՂ հիմնախնդրի լուծումը տեսնում է միայն ԵԱՀԿ ֆորմատով՝ խաղաղ բանակցությունների միջոցով:

ԱԳ նախարարը ողջունեց Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ անցկացված հանդիպումները, այդ թվում՝ Ադրբեջանցի ԱԳ նախարարի հետ:

Արարատ Միրզոյանը նաև նշեց, որ հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել հումանիտար հարցերին առնչվող խնդիրները՝ մասնավորապես՝ հայ գերիների ազատ արձակումը, անհայտ կորած զինվորների և քաղաքացիական անձանց ճակատագրի հետագա պարզումը, հայկական մշակութային արժեքների հասանելիությունը, որոնք մնացել են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո, նաև քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի հիմնական բաղադրիչը` ԼՂ կարգավիճակի հարցը:

Արարատ Միրզոյանը նաև հայտնեց, որ նախատեսվում է համանախագահների այցը տարածաշրջան:

Հարցին՝ թե արդյո՞ք նախատեսվում է իր հանդիպումը ԵԱՀԿ համանախագահների հետ և նրանց հովանու ներքո Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, ԱԳ նախարարը պատասխանեց.

«Հանդիպումներ նախատեսվում են: Գործընթացը շարունակելու և նոր հանդիպում կազմակերպելու պայմանավորվածություն ձեռք բերվել է»։