Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի շահերը ոչ Թուրքիան, ոչ Ռուսաստանը չեն կարողանալու անտեսել. դա կարող է բերել նրան, որ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը արանքից դուրս գա. Ստեփան Գրիգորյան

Իրանի շահերը ոչ Թուրքիան, ոչ Ռուսաստանը չեն կարողանալու անտեսել. դա կարող է բերել նրան, որ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը արանքից դուրս գա. Ստեփան Գրիգորյան
Քաղաքականություն
20:20, 13 октябрь 2021
Civic.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

- Պարոն Գրիգորյան, երեկ կայացավ Փաշինյան-Պուտին հերթական հանդիպումը, որը այս տարվա մեջ չորրորդն է։ Հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունը բավական սուղ էր։ Դուք ինչպե՞ս կգնահատեք այս հանդիպումը, քննարկված հարցերի շրջանակը։ 

- Նախ հանդիպման փաստն ինքնին դրական է, հասկանալի պատճառներով։ Ներկայումս բազմաթիվ հարցեր կան տարածաշրջանային, անվտանգային, որոնք  Նիկոլ Փաշինյանը հասցրեց Վլադիմիր Պուտինին։ Մենք ասելիք ունենք Ռուսաստանին, քանի որ Ռուսաստանի շատ ու շատ քայլեր մեզ համար անհասկանալի են։ Ես հուսով եմ, որ այն հարցերը, որոնք մեզ հուզում էին, իսկապես քննարկվել են։ Ես հուսով եմ, որ Փաշինյանը բարձրացրել է «Զանգեզուրի միջանցքի»-ի հետ կապված հարցը, գերիների հարցը։ Համոզված եմ, որ բարձրաձայնվել և քննարկվել է Գորիս-Կապան ճանապարհահատվածի վրա Ադրբեջանի պահվածքը։ Այդպես եմ ասում, քանի որ իրոք հանդիպման վերաբերյալ շատ սուղ ինֆորմացիա կա։ Համոզված եմ, որ այդ հարցերը քննարկվել են, բայց թե ինչ արձագանք են ստացել Ռուսաստանի կողմից՝ դժվար է  ասել։ Դրա մասին ինֆորմացիա չկա։ Ժամանակը ցույց կտա։   

 - Հանդիպման վերաբերյալ սուղ տեղեկատվությունը ինչի՞ մասին է խոսում, ի՞նչ հետևությունների է հանգեցնում։

- Շատ լավ հարց է։ Դա շատ դիվանագիտական նյուանս է։ Միշտ, երբ ինչ-որ փաստի վերաբերյալ տեղեկատվությունը սուղ է լինում, ապա դա նշանակում է, որ կամ մեր գործերը շատ վատ են, կամ շատ լավ։ Կամ իրոք կողմերը ունեին ինչ-որ հարցերի շուրջ տարաձայնություններ, կամ հակառակը՝ կարծիքները համընկել են, և մոտ ժամանակներս Ռուսաստանի քայլերից մենք կտեսնենք, որ այցելությունը դրական էր։ Իսկ մեզ համար կարևորը այն է, որ Ռուսաստանն արձագանքի Ադրբեջանի սադրանքներին, կարևոր է, որ Ռուսաստանը պահանջի Ադրբեջանից վերադարձնել մեր գերիներին։ Առաջիկա զարգացումներից, քայլերից մենք կտեսնենք ու կհասկանանք այցի կարևորությունը։

- Հայաստանում է նաև Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։ Այցի կարևորությունն ընդգծվում է երկուստեք։ Այցը պատմական է որակվում։ Առհասարակ ի՞նչ կարելի է սպասել այս այցից։

- Ինքը փաստը, որ Հնդկաստանի արտգործնախարարը այցելել է մեր երկիր, միայն այդ փաստը շատ բանի  մասին է խոսում։ Այդ այցը ցուցադրական սոլիդարություն է հայ ժողովրդին, և մենք  պետք է շնորհակալ լինենք դրա համար։ Որ Հնդկաստանը մեզ բարեկամ երկիր է, ժողովուրդ են, դա բոլորս գիտենք, բայց հիմա՝ հայ  ժողովրդի համար այս ծանր պահին, գալ Հայաստան, դա  շատ կարևոր քայլ է, Հայաստանին աջակցելու պատրաստակամություն, համերաշխության դրսևորում։ Այցին պետք է առաջին հերթին այս կոնտեքստից նայել։
 Իսկ  երկրորդ կոնտեքստը պարզ է. այն ծրագրերը, որոնք կան, մասնավորապես Հյուսիս-հարավ ծրագրի հետ կապված, եթե դրանք  մարմնավորվեն, ապա դա ևս շատ կարևոր է։ Հնդկաստանը հիմա աջակցում է  Իրանին Ջաբահարի նավահանգիստը զարգացնելու, ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ, որպեսզի այդ նավահանգիստը կապվի Հյուսիս-հարավի հետ։ Դա մեզ համար շատ կարևոր է։ Եվ եթե խոսքերից անցում կատարվի գործի, ապա հրաշալի կլինի։ Բայց միայն այն, որ այդ պլանները կան, արդեն իսկ շատ-շատ դրական է։ Հայաստանը կարող է մեծ  օգուտներ քաղել տնտեսապես։ Այստեղ տնտեսական հարցը շատ կարևոր է, բայց ինձ համար կարևորը քաղաքական մասն է։ Երբ քեզ ուզում են իզոլացնել աշխարհից, երբ քո դեմ հարձակվում են, քո տարածքային ամբողջականությունը խախտում են, ապա այդ ֆոնի վրա, երբ խոշորագույն երկրներից մեկի արտգործնախարարը գալիս է և կարևոր շեշտադրումներ է անում՝ դա շատ կարևոր քաղաքական աջակցություն է և դիվանագիտական մեսիջ։

- Պարոն Գրիգորյան, կարո՞ղ ենք ասել, որ վերջին շրջանում տարածաշրջանում Իրանի ազդեցությունը, նման կարևոր այցերը, բարձրաձայնված հարցերը Հայաստանի համար որոշակի բարենպաստ վիճակ են ձևավորել։ 

- Իրանի հետ մենք ունենք լավ բարիդրացիական հարաբերություններ, մի շարք հարցերում ակնհայտորեն մեր շահերը համընկնում են, բայց վերջին շրջանում Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, ճնշումը Հայաստանի վրա, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը ստանալու համար, այդ ֆոնին մեր շահերը Իրանի հետ ավելի  մոտեցան։ Այստեղ է, որ մենք պահը պետք է բաց չթողնենք։ Իրանն էլ է կողմ, որ հյուսիս-հարավը զարգանա, այլ ոչ թե արևելք-արևմուտքը։ Իրանը դեմ է, որ Հայաստանի կամքի դեմ քայլեր արվեն, Հայաստանի տարածքով ինչ-որ միջանցքներ բացվեն։ Կրկնում եմ՝ այստեղ մեր շահերը համընկնում են, և դա պետք է օգտագործել, քանի որ Իրանը խոշոր խաղացող է։ Իրանի շահերը ոչ Ռուսաստանը, ոչ Թուրքիան չեն կարողանալու անտեսել։ Դա կարող է բերել նրան, որ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի գաղափարը արանքից դուրս գա, և արդեն եթե Հայաստանը ուզենա ճանապարհները բացել՝ կբացվեն, չի ուզենա՝ չեն բացվի։ Սա շատ կարևոր է։ Մենք պետք է վերահսկենք մեր տարածքները, մեր ճանապարհները։ Ուրիշ տարբերակ չի կարող լինել։ Հետևաբար այստեղ Իրանի դերը շատ կարևոր է և շատ դրական է։ Պարզապես մենք պետք է այս պահը ճիշտ օգտագործենք։