Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Standard & Poor’s-ը առաջին անգամ B+ սուվերեն վարկանիշ է շնորհել Հայաստանին՝ դրական հեռանկարով. Վարչապետ

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Standard & Poor’s կազմակերպությունը վարկանիշ է շնորհել Հայաստանին:

Ինչպես պարզաբանեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, առաջին անգամ է, որ Standard & Poor’s-ը նման վարկանիշ է տվել ՀՀ-ին. «Կազմակերպությունը շնորհել է արտարժույթով և ազգային արժույթով  երկարաժամկետ պարտավորությունների թողարկման B+ սուվերեն վարկանիշ՝ դրական հեռանկարով»:

Նախարարի խոսքով՝ այս վարկանիշի առանձնահատկությունն այն է, որ սուվերենից բացի, այն միաժամանակ սահմանել է նաև փոխանցման և փոխարկելիության գնահատական, ինչը կարևոր է մասնավոր հատվածի համար, որը կարող է ստանալ Հայաստանի սուվերեն վարկանիշից մեկ մակարդակ բարձր վարկանիշ:

«Այս վարկանիշի դրական հեռանկարն արտահայտում է այս կազմակերպության գնահատականն այն մասին, որ Հայաստանում տնտեսության վիճակի բարելավմանն ուղղված գործոնները գերակշռող են և առաջիկա 12 ամիսներին կարող են բերել Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացման»,- նշեց ֆինանսների նախարարը: 

Տիգրան Դավթյանը նշեց, որ Standard & Poor’s-ի վարկանիշը հիմնված է այն գնահատականների վրա, որ չնայած արտաքին ճնշումներին՝ Հայաստանը հաղթահարել է համավարակի և ռազմական կոնֆլիկտի հետևանքները՝ առանց վտանգելու երկրի տնտեսական կայունությունը. «Այս կազմակերպության հետ համագործակցությունը կնպաստի Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը»: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ սրա շնորհիվ թե ՀՀ-ն, թե մասնավոր ընկերությունները, անհրաժեշտության դեպքում, ավելի էժան վարկեր կստանան, քանի որ միջազգային ընկերությունը երկիրը գնահատել է որպես հուսալի գործընկեր: