Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սա իրադարձություն է, որը նպաստում է ներքին կապիտալի շուկայի ձևավորմանը․ Մհեր Գրիգորյան

Սա իրադարձություն է, որը նպաստում է ներքին կապիտալի շուկայի ձևավորմանը․ Մհեր Գրիգորյան
Քաղաքականություն
12:36, 14 октябрь 2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության նիստում անդրադարձավ «Standard & Poor’s» միջազգային գործակալության կողմից Հայաստանին շնորհված վարկանիշին։

«Սա ակնհայտ իրադարձություն է, որ նպաստում է պարտքի շուկայի հասանելիությանը և պայմանների լավարկմանը։ Բայց նաև կապիտալի շուկան է մեզ համար գերկարևոր խնդիր։ Եվ սա իրադարձություն է, որը նպաստում է ներքին կապիտալի շուկայի ձևավորմանը և ապահովում է մեր մասնավոր հատվածի ընկերությունների մուտքը կապիտալի շուկա, որը շատ կարևոր է մեզ համար։ Սա իրոք կարևոր իրադարձություն էր»,- ասաց Մհեր Գրիգորյանը։

Ըստ նրա՝ ի լրումն Մուդիսի և Ֆիթչի գնահատականների, սա հետևյալ արտոնությունն ունի՝ կա պրակտիկա, որ դիվերսիֆիկացված գնահատականները շատ ավելի մեծ հուսալիություն են տալիս ներդրողներին և ընդհանրապես շուկայի մասնակիցներին։ «Որքան վարկանիշավորումները շատ լինեն հեղինակավոր գործակալությունների կողմից, այնքան համարվում է ավելի ճշգրիտ և դիվերսիֆիկացված։ Մի բան է, որ մեկ վարկանիշ շնորհող կազմակերպություն է խոսում դրա մասին, մեկ այլ բան է, երբ տվյալ դեպքում երեք առաջատար վարկանիշ շնորհող կազմակերպություններ տվել են գնահատականներ, որոնք բավական սիմետրիկ են։ Այստեղ կա մեկ այլ կարևոր բաղադրիչ՝ ըստ էության գնահատականների համակարգի մեջ շեղում չկա, շատ համահունչ են գնահատականները։ Սա շատ կարևոր է նաև մեր ռազմավարական նպատակի՝ կապիտալի շուկայի ձևավորման ուղղության համար»,- հավելեց փոխվարչապետը։