Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի Հայաստանի հետ սահմանը փակ պահելու համար»․ ԱԳ նախարար

«Այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի Հայաստանի հետ սահմանը փակ պահելու համար»․ ԱԳ նախարար
Քաղաքականություն
17:39, 10 февраль 2021
ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Թուրքիայի կողմից Հայաստանի հետ պետական սահմանը փակ պահելու որևէ պատճառ չի տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Այվազյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցին:

«Կարծում եմ, որ Թուրքիան, միջազգային հանրության ճնշման ներքո, հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի, այլևս պատճառ չկա Հայաստանի նկատմամբ կիրառել շրջափակում: Շրջափակումը պայմանավորված էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը ուժի կիրառման միջոցով փոխվել է: Այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի հետ»,- ասաց Այվազյանը:

Արա Այվազյանը հավելեց, որ կառավարության հիմնական նպատակն է անել ամենը, որպեսզի Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտը գնալով ամրապնդվի:

«Դա հեշտ հարց չէ: Բնականաբար, որպես պետություն, հասարակություն, պետք է ձգտենք բոլոր ջանքերը գործադրել, որ իրավիճակը գնա դեպի ապաէսկալացում: Մեր դիվանագիտությունը գործուն ջանքեր է գործադրելու, որպեսզի մեր շուրջը լինի նպաստավոր մթնոլորտ Հայաստանի անվտանգության ամրապնդման համար»,- ասաց Այվազյանը:

ՀՀ Արտաքին գործերի նախարարը նշեց, որ Հայաստանի համար մտահոգիչ է նաև Կարսում թուրք-ադրբեջանական համատեղ զինավարժությունների անցկացումը: