Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում Ադրբեջանի երեկվա սադրանքն առաջին հերթին ուղղված էր Ռուսաստանի և Իրանի դեմ․ լայնամասշտաբ պատերազմի վտանգ չկա

Արցախում Ադրբեջանի երեկվա սադրանքն առաջին հերթին ուղղված էր Ռուսաստանի և Իրանի դեմ․ լայնամասշտաբ պատերազմի վտանգ չկա
Քաղաքականություն
20:20, 15 октябрь 2021
«Ադրբեջանը շարունակել և շարունակելու է սադրանքները սահմանին։ Հատկանշական է, որ այս անգամ սադրանքը ոչ թե Հայաստանի սահմանին է, այլ Արցախում և առաջնահերթ ուղղված է ոչ այնքան և ոչ թե Հայաստանի դեմ, Հայաստանին պարտադրվող օրակարգի համար, այլ այս անգամ դա  կոնկրետ Ռուսաստանի և Իրանի դեմ էր»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ 

Նշենք, որ հոկտեմբերի 14-ի գիշերը Արցախում արձանագրվել է նոյեմբերի 9-ից հետո հրադադարի խախտման ամենածավալուն դեպքը։

Ադրբեջանական զինուժը թիրախավորել է Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղի մոտ Արցախի ՊԲ հենակետը, ինչի հայկական կողմն ունի վեց վիրավոր: Վիրավորներից երկուսի վիճակը գնահատվել է ծանր, սակայն, ինչպես հայտնել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, վիրահատությունն անցել է հաջող և նրանց կյանքին չի սպառնում վտանգ: Ադրբեջանի զինուժը միաժամանակ կրակոցներ է արձակել շփման գծի այլ ուղղություններով:
Նրա խոսքով՝ միայն այն փաստը, որ վերջին երկու միջադեպերը՝ երեկվա կրակոցներն ու հայ տրակտորիստի սպանությունը եղել են խաղաղապահների  հոկողության գոտում, խոսում է այն մասին, որ Ադրբեջանը փաստացի անհանգստացած է որոշակի զարգացումներից, որոնք հասանելի չեն հանրությանը դեռևս, բայց դրանք կան։  «Ադրբեջանը փորձում է իր անհանգստությունն այսպիսով ցույց տալ, կողմերին զգուշացնել, որոնք կարող են Ադրբեջանի համար խնդրահարույց գործողություններ ձեռնարկել։ Եվ սա Ադրբեջանի ինքնուրույն որոշումը չէ գնալ նման սադրանքների։ Սա թուրքադրբեջանապակիստանական թևի ընդհանուր որոշումն է»,- ասաց քաղաքագետը։ 

Մեր դիտարկմանը՝ ինչպե՞ս պետք է արձագանքի այս սադրանքներին Ռուսաստանը, քանի որ, ինչպես նշվեց, սրանք առաջնահերթ իր դեմ են ուղղված, քաղաքագետը պատասխանեց․«Ռուսաստանը առանձնապես լուրջ չի արձագանքի այս ամենին, քանի որ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, տեղի են ունենում ոչ բացահայտ։ Հետևաբար Ռուսաստանը կփորձի միջադեպը  հարթել և միջադեպի վերաբերյալ երկու կողմերին հավասարակշռված հայտարարություններով կոչեր անել։ Բայց ամեն դեպքում որոշակի գործողություններ դրան կհետևեն, որոնք ևս կմնան ոչ հրապարակային տիրույթում»։

Քաղաքագետը չի կարծում, թե առաջիկայում Ադրբեջանը կարող է լայնամասշտաբ գործողություններ սկսել, ընդհուպ պատերազմ, քանի որ չկան փակուղային իրավիճակներ, որոնք կարող են հանգեցնել պատերազմի։ Սադրանքները, սակայն, շարունակվելու են և Հայաստանի հետ սահմանին, և Արցախում։ Հայկական կողմը պետք է պատրաստ լինի դիմադրել այդ սադրանքներին: 

Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը ևս մեզ հետ զրույցում ասաց, որ տեղի ունեցածը հիմք չէ լայնածավալ գործողությունների համար, քանի որ Արցախում են գտնվում ռուս խաղաղապահ ուժերը և  Արցախի դեմ պատերազմ սկսելը կնշանակի պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ, իսկ դա կարող է բերել երրորդ չափազանց լուրջ հետևանքների։ «Ռուսաստանի դեմ պատերազմ սկսելը Ադրբեջանի կողմից հասկանում եք չէ՞, թե ինչ լուրջ հետևանքների կարող է բերել։ Դա խաղ չէ։ Հետևանքները Ադրբեջանի համար չափազանց լուրջ կլինեն։ Ադրբեջանը չի համարձակվի գնալ նման քայլի»,- ասաց Բաբայանը։