Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գործակալական որսը, շահարկումները կուզեի ավարտվեին․ եթե լյուստրացիայի քաղաքական որոշում լինի, կաջակցեմ. Կարեն Անդրեասյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Factor TV-ի հարցազրույցը Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հետ

–Հայաստանյան իրավապաշտպանների շրջանում մեծ դժգոհություն է առաջացել այն փաստից, որ օրերս Հայաստանի ԱԱԾ տնօրենը մասնակցել է ՌԴ նախագահի գլխավորած հատուկ ծառայությունների հավաքին։ Նախ՝ ինչո՞ւ պետք է սուվերեն պետության ԱԱԾ տնօրենը մեկ այլ պետության ղեկավարի գլխավորած հանդիպմանը մասնակցի, և երկրորդ՝ ինչպե՞ս է ստացվել, որ ՀՀ ԱԱԾ տնօրենը ոչ ժողովրդավարական պետությունների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանգում է այսպիսի պաշտոնական հաղորդագրության. «Հանդիպմանը քննարկվել են հարցեր՝ ԱՊՀ պետությունների վրա կոլեկտիվ Արևմուտքի ապակառուցողական ազդեցության և դրսից «ժողովրդավարություն» բռնի կերպով արմատավորելու փորձերի համատեքստում։ Հատուկ գերատեսչությունների ղեկավարները հանգել են այն միասնական կարծիքին, որ այդ գործընթացներն ուղղված են ԱՊՀ երկրներում ներքաղաքական իրավիճակի ապակայունացմանը, համակարգված ու նպատակասլաց բնույթ են կրում…, և պայմանավորվել են այդ գործընթացներին հակազդելու համատեղ ջանքերի ակտիվացման անհրաժեշտության մասին»։ Ինչպե՞ս է ՀՀ–ն միացել այսպիսի պաշտոնական հայտարարությանը։

-Հայաստանը նման հայտարարության չի միացել, չգիտեմ ինչ հաղորդագրություն ներկայացրիք:

–Պաշտոնական հաղորդագրությունն է՝ այդ հանդիպման արդյունքներն ամփոփող:

-Հայտարարությանը միանալը մի կատեգորիա է, ինչ-որ հաղորդագրություն ստանալ՝ թեկուզ պաշտոնական, թեկուզ շատ վստահելի աղբյուրից, այլ կատեգորիա է: Ես նորից պետք է հիշեցնեմ, որ ամեն հարցով չէ, որ ես պետք է բոլորի փոխարեն պատասխանեմ, շատ ճիշտ կլիներ, որ այն մարդիկ կամ իրենց ներկայացուցիչները, ովքեր եղել են այդ հավաքին, ձեզ տեղեկություններ տրամադրեն՝ հարցազրույցի, հայտարարության կամ հարցման ֆորմատով, դա արդեն ձեր երկկողմ որոշելիքն է: Բայց նախ մի ընդհանուր բան ասեմ. մեկնաբանել հայտարարություններ՝ նույնիսկ պաշտոնական՝ կոնտեքստին ամբողջական ծանոթ չլինելով, թույլ չեմ տալիս ոչ միայն ինձ՝ որպես ավելի զուսպ կողմ, այլև ցանկացած քաղաքական կամ հասարակական գործչի: Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, ինձ անընդհատ այս հարցը միշտ ուրիշ ենթատեքստով են տալիս, երբ մի ցավալի միջադեպ է լինում, օրինակ՝ ոստիկանության հետ կապված որևէ միջադեպ, որտեղ ընդունենք, որ շատ վատ է վարվել պետական որևէ պաշտոնյա, ծառայող: Եվ դրանից հետո ինձ կառավարության նիստերից առաջ կամ հետո խոսափողը մոտեցնում են՝ շատ ագրեսիվ տրամադրվածությամբ և ասում՝ դուք որպես ժողովրդավարական իշխանության մաս, միշտ խոսել եք մարդու իրավունքներից, ժողովրդավարությունից, իսկ հիմա այսպիսի մի խայտառակ իրավիճակ է երկրում: Ես ուզում եմ այս չափազանցության, ծայրահեղացման գործընթացը դադարի գոնե այս տաղավարում, որտեղ մենք կարող ենք զրուցել առանց ձևականությունների, պարզ: ժողովրդավարությունը վտանգված է այն դեպքում, երբ ամենակոպիտ կամ նույնիսկ ամենաքիչ կոպիտ խախտումները համատարած են, համակարգային են և ուղղորդված են բարձրագույն մակարդակից, և կամք չկա այդ խախտումները հաղթահարելու։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: