Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուզում էիք փակ դուռ տեսնել, ու լրագրողների առաջ մի-երկու ճեպազրո՞ւյց տար պարոն Ղազինյանը. Վահագն Ալեքսանյանը՝ Գեղամ Մանուկյանին

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, հրավիրվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, և օրակարգի հարցերից մեկը դարձյալ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունն էր:

«Հայաստան» դաշինքը արդեն ութերորդ անգամ այդ պաշտոնում ներկայացրեց Արթուր Ղազինյանի թեկնածությունը:

Հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը իր խոսքը սկսեց շնորհավորանքով ՀՀ հրթիռահրետանային զորքերի օրվա կապակցությամբ և նրանց մաղթեց տոկունություն, կամք. «Իսկ մեր բոլոր ընկած հրետանավորների հոգուն հանգստություն»:

Իսկ ինչ վերաբերում է թեկնածուին, Վահագն Ալեքսանյանը, դիմելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանին, ասաց. «Դուք նորից չներկայացրեցիք թեկնածուին, փորձեցիք ինչ-որ տարատեսակ քաղաքական դիվիդենդներ հավաքել՝ ինքներդ չհասկանալով, թե ինչի շուրջ: Ձեր գումարելիք արտահերթ նիստից առաջ ներկա էր կառավարությունը, այնտեղ էր նաև պաշտպանության նախարարը, և ձեզանից ոչ մեկի կողմից չհնչեց այն հարցերից և ոչ մեկը, որոնք դուք ուզում էիք ըստ երևույթին բարձրացնել հանձնաժողովի արտահերթ նիստում, հատկապես, որ ձեր պահանջում գրել էիք՝ պետական գաղտնիք չպարունակող, այսինքն՝ այնպիսի հարցեր, որոնք կարող էին հնչել լիագումար նիստերի դահլիճում»:

Նա ընդգծեց. «Հանձնաժողովի փակ նիստ գումարելու իմաստը ո՞րն էր, թե՞ պետք է գայիք, փակ դուռ լիներ, ու լրագրողների առաջ մի-երկու ճեպազրույց տար պարոն Ղազինյանը»: