Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարծես ուզում եք ավելի մտահոգված ՀՀ քաղաքացու կերպար կերտել. Արման Սարգսյանը՝ Աննա Գրիգորյանին

Կարծես ուզում եք ավելի մտահոգված ՀՀ քաղաքացու կերպար կերտել. Արման Սարգսյանը՝ Աննա Գրիգորյանին
Քաղաքականություն
13:28, 19 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, հրավիրվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Այժմ քննարկվում է «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցը:

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը հարց բարձրացրեց՝ կապված Փայլասարի հետ. «Ես վերջերս հայտարարություն էի տարածել՝ խոսելով Փայլասարի որոշակի հատվածի, ավելի շուտ՝ սարն ամբողջությամբ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելու մասին, որից հետո ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածում՝ ասելով, որ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի  պաշտպանությունը նշված հատվածում»:

Պատգամավորի խոսքով՝ ադրբեջանցիներն այնտեղ հայտնվել են GPS սարքի միջոցով, առանց դելիմիտացիայի: «Էդ երբ է եղել պետական սահմանի ճշգրտում, որ մենք այդպես էլ դրան տեղյակ չենք եղել»,- հարց բարձրացրեց Աննա Գրիգորյանը:

Ի պատասխան պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ասաց. «Եթե այդ պատասխանում տեսնում եք հակասություններ, կարծում եմ՝ ԱԱԾ-ն կփարատի ձեր մտահոգությունները»:

Փոխնախարարը նկատեց, որ հնչեցված հարցերը չեն վերաբերում նախագծին: «Կարծում եմ՝ հարցերը տրվում են, որ ավելի մտահոգված ՀՀ քաղաքացու կերպար ձևավորվի, քան ՊՆ ներկայացուցիչն է: Դուք և հարցը տվեցիք, և պատասխանը տվեցիք»,- ընդգծեց նա և հավելեց, որ պետական սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա տեղի չի ունեցել:

Արման Սարգսյանը նկատեց. «Եթե նույնիսկ ԱԱԾ-ն սխալմունք է թույլ տվել, դուք հիմա լեգիտիմացնում եք: Սա կարելի էր աշխատանքային կարգով քննարկել»: