Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանգիստ ենք վերաբերում քաղաքացիների արած ընտրությանը. Գնել Սանոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին

Հանգիստ ենք վերաբերում քաղաքացիների արած ընտրությանը. Գնել Սանոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին
Քաղաքականություն
14:53, 19 октябрь 2021
Թիմում տարբեր քննարկումներ ունեցել ենք և դեռ կունենանք։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին։

«Ընտրություններ են տեղի ունեցել, որի արդյունքները պետք է վերլուծել, հասկանալ՝ որտեղ ինչ խնդիրներ կային։ Ընդհանուր առմամբ նորմալ ենք վերաբերում, քաղաքական պրոցես է։ Որպես իշխանություն շատ կարևոր ենք համարում ընտրությունները պատշաճ, արդար ու թափանցիկ կազմակերպելը, ինչը մեզ հաջողվել է։ Կարծում եմ՝ դրա արդյունքում է, որ մի շարք քաղաքական ուժեր հնարավորություն ունեն ներկայանալու տարբեր բնակավայրերում»,-նշեց Գնել Սանոսյանը։

Դիտարկմանը, որ բարձր մակարդակով միշտ ասում էին, թե Սյունիքում տեղի ունեցող որոշակի քաղաքական զարգացումները կազմակերպված են և արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ ցույց տվեցին, թե Սյունիքը կանագնած է գործող քաղաքական թիմի թիկունքում, Գնել Սանոսյանը նկատեց՝ համապետական և ՏԻՄ ընտրությունները բնույթով տաբերվում են։

Նախարարի խոսքով յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է հետևություններ անի, այդ թվում նաև իրենք և առաջա շարժվեն։

«Այս ամբողջ համատեքստում կարևորում եմ, որ կառավարության ծրագիրն ընդունել ենք, և այդ կետերի մեծ մասը պետք է իրագործել մեր համայնքապետերի հետ միասին։ Ցանկանում ենք, որ ընտրական պրոցեսների ավարտից հետո կառավարությունը և համայնքները միասին սկսեն այդ պրոցեսի հնարավորինս արագ առաջ տանել»,-նշեց Գնել Սանոսյանը։

Հարցին՝ արդյոք այս ընտրությունները ցույց տվեցին, որ մարդիկ չեն վստահում իրենց քաղաքական թիմին, Գնել Սանոսյանն ասաց, որ բավական հանգիստ ու հարգանքով ենք վերաբերում քաղաքացիների արած ընտրությանը։