Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերահաշվարկի արդյունքում Տաթև համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվեներն ավելացել են 9-ով

Վերահաշվարկի արդյունքում Տաթև համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվեներն ավելացել են 9-ով
Քաղաքականություն
21:46, 19 октябрь 2021
Տաթև համայնքի Շինուհայր գյուղի թիվ 34/19 ընտրատեղամասում այսօր Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցավ  վերահաշվարկ։ Պատճառը արձանագրություններում արձանագրված հատուկ կարծիքն էր։ Վերահաշվարկի արդյունքում պարզ դարձավ, որ անվավեր ճանաչված 33 քվեաթերթիկների 14-ը վավեր էին։ Վավեր ճանաչված 14 քվեաթերթիկներից 9-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայներն էին, 4-ը՝ «Շանթ» դաշինքինը, 1-ը՝ «Ապրելու երկիր» կուսակցությանը։ 
 
Առավոտյան վերահաշվարկ էր տեղի ունեցել նաև Տեղ համայնքի Տեղ գյուղի թիվ 34/27 ընտրատեղամասում, որի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայներն ավելացել էին մեկով։ 

 Վաղն առավոտյան ժամը 10:00-ից կմեկնարկի Տաթև համայնքի ևս վեց ընտրատեղամասերի քվեների վերահաշվարկը։ Վերահաշվարկի դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ 

 Հիշեցնենք, որ Տաթև համայնքում ընտրություններին մասնակցել է երեք քաղաքական ուժ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը ստացել էր 337 քվե, «Շանթ» դաշինքը՝ 949 քվե և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 1280 քվե։
 
Վովա Հակոբյան