Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տարակուսելի է արտադատական ինստիտուտի համեմատությունը թափանցիկության երաշխիքներով օժտված դատական իշխանության հետ. Ֆիննախի ներկայացուցիչը՝ Հասմիկ Ենգոյանին

Տարակուսելի է արտադատական ինստիտուտի համեմատությունը թափանցիկության երաշխիքներով օժտված դատական իշխանության հետ. Ֆիննախի ներկայացուցիչը՝ Հասմիկ Ենգոյանին
Քաղաքականություն
14:19, 20 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրվել է հերթական նիստ: Այժմ քննարկվում է «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Ինչպես նշեց օրենքի նախագիծը ներկայացնող ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, նպատակահարմար է համարվել գնումների վերաբերյալ բողոքները քննել դատական համակարգով:

«Գնումների աջակցման կենտրոն» ՍՊԸ հիմնադիր Հասմիկ Ենգոյանը անթույլատրելի է համարում գնումների հետ կապված բողոքները արտադատական ինստիտուտից վերացնելը և այն տրամադրելը դատական համակարգին: Նրա կարծիքով՝ այդ երկու համակարգերը գոնե պետք է զուգակցվեին, հակառակ դեպքում, նրա խոսքով, կոռուպցիոն ռիսկեր են առաջանում: Տիկին Ենգոյանը կոչ արեց պատգամավորներին օրենքի նախագիծը չընդունել:

Հակադարձելով նրան՝ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ պարոն Հարությունյանը հակադարձեց. «Դրվատել գնումների հետ կապված բողոքները քննող անձանց անկախությունը, թափանցիկությունը ի համեմատ անկախության, հրապարակայնության, թափանցիկության սահմանադրաիրավական երաշխիքներով օժտված դատական իշխանության, կարծում եմ, առնվազն տարակուսելի է»:
Վերջինիս խոսքով՝ գնումների գործընթացը շարունակում է մնալ թափանցիկ, որովհետև դատական իշխանությունը, որին փաստացի փոխանցվում է իրավունքի պաշտպանության գործիքակազմը, հրապարակայնության սահմանադրաիրավական երաշխիքներով օժտված մարմին է, և ճիշտ չէ այդ մարմնի երաշխիքները կասկածի տակ դնել: