Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կամավոր ատեստավորված ուսուցիչների աշխատավարձը նոյեմբերից կբարձրանա 30, 40, 50 տոկոսով. ատեստավորման 2-րդ փուլում ևս նույնքան կբարձրանա. վարչապետ

«Այս օրերին ընթանում է մեր կարևորագույն ռազմավարական ծրագրերից մեկը, որը շրջադարձային նշանակություն պետք է ունենա ՀՀ հետագա զարգացման գործում: Խոսքը ուսուցիչների կամավոր ատեստավորման մասին է»,- այսօր՝ հոկտեմբերի 21-ին, կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ընդգծելով «կամավոր ատեստավորում» բառակապակցությունը՝ վարչապետը նկատեց, որ ուսուցիչներն իրենք են ընտրում՝ վերահաստատե՞լ իրենց որակավորումը, թե՞ ոչ. «Եվ այս վերահաստատման արդյունքում նրանց աշխատավարձերը, կախված հավաքած միավորներից, նոյեմբերից կբարձրանան 30, 40 կամ 50 տոկոսով»:

Ինչպես նշեց Նիկոլ Փաշինյանը, այս փուլում իրականացվում է հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա, ֆիզիկա, պատմություն, քիմիա, կենսաբանություն առարկաների ուսուցիչների ատեստավորման ծրագիր:

«Այս փուլում մենք բաց կթողնենք կամավոր ատեստավորման պատուհանը, առարկաների ցանկը կընդլայնենք: Հաջորդ փուլում արդեն իսկ ատեստավորված ուսուցիչների համար կիրականացվի երկրորդ ատեստավորումը, և նրանք հնարավորություն կունենան ատեստավորման միջոցով արդեն իսկ բարձրացված աշխատավարձը կրկին բարձրացնելու 30, 40, 50 տոկոսով՝ վերահաստատելով իրենց որակավորումը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ գործընթացը լինելու է բացարձակապես կամավոր:

Նրա կարծիքով՝ այս ամբողջ շղթան փակելու գործընթացը կտևի հավանաբար 3-4 տարի. «Այն ուսուցիչները, որոնք իրենք կխոստովանեն, որ չունեն համապատասխան որակավորում, մենք այդ ուսուցիչներին կաջակցենք մասնագիտական վերապատրաստում անցնել և փորձել աշխատանք գտնել բոլորովին այլ ոլորտներում, որովհետև մենք կարծում ենք, որ կառավարությունը չի կարող հանդուրժել ցածր որակավորում ունեցող ուսուցչի ներկայությունը հանրակրթական դպրոցներում»: