Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կուրսին աջակցողը դեմ է հայկական պետությանը, անկախությանը․ Ազատ Արշակյանը՝ «Շանթ դաշինքի» մասին

Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կուրսին աջակցողը դեմ է հայկական պետությանը, անկախությանը․ Ազատ Արշակյանը՝ «Շանթ դաշինքի» մասին
Քաղաքականություն
18:47, 21 октябрь 2021
Սյունիքի մարզի Կապան քաղաքում  նոյեմբերի 14-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, որի հիմնադիրը ազատական գաղափարներով հայտնի Շանթ Հարությունյանն է, քաղաքապետի թեկնածու է առաջադրել գործող համայնքապետ Գևորգ Փարսյանին։ Արտառոցն այն է, որ «Շանթ դաշինքի» թեկնածուն ոչ միայն երբևէ աչքի չի ընկել ազատական հայացքներով, այլև Ռոբերտ Քոչարյանի և Վահե Հակոբյանի թիմից է։ 

Խորհրդարանի ընտրություններից առաջ Փարսյանը կապանցիներին կոչ էր արել «ոչ մի պարագայում» հունիսի 20-ին չընտրել Նիկոլ Փաշինյանին: «Ես կողմնակից եմ Ռոբերտ Քոչարյանին, «Հայաստան» դաշինքին»,- հայտարարել էր Շանթ Հարությունյանի ներկա թեկնածուն՝ շարունակելով. «Կարծում եմ՝ հունիսի 20-ին կհամոզվենք, որ մեր հայրենակիցները վստահության քվեն կտան Ռոբերտ Քոչարյանին, «Հայաստան» դաշինքին»:

Սակայն քանի որ նրա հույսերը չիրականացան, և Քոչարյանը խայտառակ պարտություն կրեց Սյունիքում, Փարսյանը որոշել է այլ դաշինքով հանդես գալ քաղաքապետի ընտրություններում և ընտրել է Շանթ Հարությունյանին։ Արտառոցն այն է, որ Շանթ Հարությունյանը ոչ միայն մի կողմ է դրել իր կյանքի պայքարը և միացել Քոչարյանի թիմակիցներին, այլև առաջադրում է նրանց որպես իր թեկնածու։ 

«Շանթ Հարությունյանի և «Շանթ դաշինքի»՝ այս ընտրություններին մասնակցության մասին շատ քիչ բան գիտեմ, բայց քանի որ ճանաչում եմ Շանթ Հարությունյանին՝ գիտեմ, որ նա եղել է անկախ Հայաստանի կողմնակից, և դրա համար պայքարել է ոչ միայն ինքը, այլև իր հայրն ու հորեղբայրը, այսինքն՝ անկախությունը, պետականությունը Շանթ Հարությունյանի համար  եղել են նպատակներ: Ես որոշ վերապահումներ ունեմ, օրինակ, ժողովրդավարության նկատմամբ Շանթ Հարությանի վերաբերմունքի առումով: Կարևոր է այն, որ Շանթ Հարությունյանը միշտ դեմ է եղել հովանավորչությանը»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյան՝ ի պատասխան մեր այն դիտարկման, թե ինչպե՞ս է գնահատում, որ ազատ արժեքների կրող, նախկին ռեժիմի դեմ պայքար մղած Շանթ Հարությունյանը այժմ Կապանում առաջադրում է Ռոբերտ Քոչարյանին աջակցած թեկնածուին: 

Նա ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյան ասելով հասկանում ենք հակապետականություն, ինքնիշխանության դեմ, ժողովրդավարության դեմ քաղաքական գործունեություն և կոռուպցիոն, հովանավորչական տնտեսական համակարգ. «Բոլորովին վերջերս նա հայտարարեց, որ ինքը չգիտի՝ կո՞ղմ է հայկական պետության լիկվիդացիային, թե՞ ոչ. հարցրել էին՝ միութենական պետության նկատմամբ ինչ կողմնորոշում ունի, ինքն ասել էր՝ դեռ չենք կողմնորոշվում: Այսինքն՝ ո՞նց, 99 տոկոսն ասել է՝ կողմ ենք անկախությանը, դուրս ենք գալիս Սովետական Միության կազմից, այդ մարդկանց ոչ ոք չի՞ հարգում այդ շրջապատում: Հիմա Ռոբերտ Քոչարյանը չի կողմնորոշվում»:  

Ազատ Արշակյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի համար հայկական պետությունը, Հայաստանի Հանրապետությունը հարգարժան ինստիտուտ չէ. «Նա չի հարգել հայկական պետությունը, այդ պետության կայացումը, հայկական մշակույթը: Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ծրագիրը դատապարտելի է»: 

«Ես կարծում եմ՝ ով կանգնում է կշեռքի այն նժարի վրա, որի վրա գրված է՝ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կուրս, ինքը դեմ է հայկական պետությանը, անկախությանը, այսինքն՝ դեմ է պետականությանը, դեմ է հայ ժողովրդի անվտանգությանը, դեմ է ժողովրդավարությանը, դեմ է տնտեսական մրցակցությանը և ՀՀ քաղաքացիների բարեկեցությանը»,- ընդգծեց Ազատ Արշակյանը և հավելեց, թե իր համար կարևոր չէ, թե ինչ ազգանուն է նրա կողմնակցի կողքին:

Այսինքն՝ Շանթ Հարությունյանը դավաճանո՞ւմ է իր անցած ուղուն, իր սկզբունքներին՝ հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Դավաճանություն չասենք, բայց դա այն Շանթ Հարությունյանը չի, որին մենք ճանաչում էինք: Շահեն Հարությունյանին, Մարզպետ Հարությունյանին, Շանթ Հարությունյանին և կրտսեր Շահեն Հարությունյանին՝ այս քառյակին, ես ճանաչել եմ որպես անկախականներ: Հիմա եթե իրենք անկախությանը դեմ են, կողմնակիորեն գուցե, կամ ինչ-որ սպորտային հնարք են գործադրում, ես կարծում եմ, որ դրա տակից դուրս գալը դժվար է. չի կարելի աջակցել հակապետական, հակաժողովրդական, քրեաօլիգարխիկ, հովանավորչական տնտեսություն ձևավորող կամ աջակցող մարդու կողմնակիցներին»:

Ազատ Արշակյանը չի կարծում, որ Շանթ Հարությունյանը ֆինանսական շահ ունի դրանում. «Շանթ Հարությունյանը հայտնի է նրանով, որ միշտ արհամարհել է նպատակահարմարությունները, առավել ևս՝ ֆինանսական նպատակահարմարությունը: Ինձ համար անհասկանալի է դա, ես շփոթված եմ: Ինձ համար գոյություն ունի 3 կարևոր բան՝ Հայաստանի անկախությունը, ժողովրդավարությունը և տնտեսական բարգավաճումը: Ռոբերտ Քոչարյանը այդ 3-ին դեմ է եղել, խոցել է այդ 3 թիրախները, և հիմա նրան աջակցել նշանակում է լինել հանցագործության փայատեր, հանցակից: Ես չգիտեմ՝ Շանթը, շանթականները, դաշինքը ինչ են մտածում, և, ճիշտն ասած, ինձ դա չի հետաքրքրում: Կարևորն այն է, թե դու որտեղ ես կանգնած՝ Հայաստանի անկախության, ժողովրդավարությա՞ն կողմում ես, թե՞ հակառակ կողմում. անուն-ազգանունն այլևս նշանակություն չունի»: 

«Եթե «Շանթ դաշինքը» ռոբերտական է, ուրեմն կունենա այն ճակատագիրը, ինչ որ Ռոբերտ Քոչարյանը՝ քրեական գործ, քաշքշուկ, պարսավանք և այլն: Ով կանգնում է Ռոբերտ Քոչարյանի կողքին, դառնում է նրա գործընկերը»,- ամփոփեց Ազատ Արշակյանը: