Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրավապահների խնդիրն է՝ ՏԻՄ ընտրություններում քրեականների օգտագործումը բացառելը․ Գորիսի հաղթանակը ոգևորել է նախկիններին․ որոշել են նետվել պայքարի մեջ

Իրավապահների խնդիրն է՝ ՏԻՄ ընտրություններում քրեականների օգտագործումը բացառելը․ Գորիսի հաղթանակը ոգևորել է նախկիններին․ որոշել են նետվել պայքարի մեջ
Քաղաքականություն
18:59, 21 октябрь 2021
Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը երեկ ավարտել է կիրակի օրը՝  հոկտեմբերի 17-ին, կայացած ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները: Վերահաշվարկվել են ընդհանուր թվով 9 տեղամասերի քվեարկության արդյունքները, 7-ը՝ Տաթև համայնքում, և մեկական՝ Գորիս և Տեղ համայնքներում։ Վերահաշվարկի արդյունքում հստակեցվել է, որ Գորիս համայնքում «Առուշ Առուշանյան» կուսակցությունների դաշինքի կողմ ձայները պակասել են 1-ով, իսկ անվավեր քվեաթերթիկներն ավելացել են 1-ով։ Տեղ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմ ձայները ավելացել են 1-ով, չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշների թիվը շտկվել է, և անճշտությունների չափը պակասել է 100-ով։ Տաթև համայնքում վերահաշվարկ իրականացված բոլոր յոթ տեղամասերի արդյունքների հանրագումարում «Ապրելու երկիր» կուսակցության կողմ ձայները չեն փոփոխվել, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության կողմ ձայները ավելացել են 3-ով, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմ ձայները ավելացել են 8-ով: Անվավեր քվեաթերթիկների թիվը պակասել է 11-ով, անճշտությունների չափն ավելացել է 3-ով։ 
Այսինքն՝ ինչպես և սպասվում էր, վերահաշվարկն առանձնապես լուրջ փոփոխություն չի մտցրել ընտրությունների վերջնական արդյունքներում։ 

Հատկապես Գորիսում Առուշ Առուշանյանի հաղթանակը, որոշ տեղեկություններով, ոգևորել է ընդդիմությանը, և նրանք պատրաստվում են առաջիկայում՝ նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրություններին գրեթե բոլոր համայնքներում թեկնածուներ առաջադրել, սատարել նրանց։ Իսկ այն համայնքապետերը, որոնք դեռ չէին կողմնորոշվում՝ որ ճամբարում մնալ, վերջին ընտրությունները օգնել են նրանց կողմնորոշվել։ Օրինակ՝ դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի մի շարք խոշոր համայնքներում ևս ՏԻՄ ընտրություններ են. Սևանում, Գավառում, Մարտունիում, Վարդենիսում։ Մեզ հասած տեղեկություններով՝ այս բոլոր համայնքներում էլ  գործող համայնքապետերը մտադիր են առաջադրվել սեփական թիմով։ Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, ով հայտնի է իր ՀՀԿ-ական հայացքներով, արդեն իսկ «Սարգիս Մուրադյան» անունով դաշինք է ստեղծել և լծվել է  նախընտրական գործընթացին՝ մոբիլիզացնելով Սևանի նախկիններին, կրիմինալ տարերին, որոնց մշտապես ապավինել է։ 
 
Նույն պատկերն է նաև Գավառում և մնացած մարզերի համայնքներում։ Գործող շատ համայնքապետեր որոշել են մարտահրավեր նետել իշխանության ընտրած տակտիկային, ըստ որի՝ նրանք համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարներ էին նշանակում, ապա նրանց առաջադրում՝ հույսով, որ հենց այդ թեկնածուներն էլ կընտրվեն համայնքապետ։   

Ապարանում, օրինակ, գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանը ևս պատրաստվում է նույն սցենարով գործել։ Նրան այս ՏԻՄ ընտրություններին սատարելու է Արթուր Վանեցյանը։ Եղիազարյանն այսօր այդպես էլ մեր զանգերին չպատասխանեց։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը Civic.am-ի հետ զրույցում նկատեց, որ հաշվի առնելով Հայաստանի քաղաքական դաշտի կառուցվածքը՝ պետք է այնուամենայնիվ հասկանալ, որ ՏԻՄ ընտրությունները մեծամասամբ չեն ազդում երկրում իշխանության իրականացման գործընթացների վրա, քանի որ Հայաստանը բավական մեծ կենտրոնաձիգ իշխանություն ունի։ «Հիմնական ընտրությունները, որոնցից հետո երկրում իշխանության իրականացման և քաղաքական գործընթացների առումով ինչ-որ բան է փոխվում, համապետական ընտրություններն են, իսկ ՏԻՄ ընտրությունները միայն տեղային նշանակություն ունեն։ Հետևաբար միայն Գորիս կամ մեկ-երկու այլ համայնքներում վերջին ընտրության արդյունքներից ոգևորվելը խոսում է միայն ընդդիմության առանձին ներկայացուցիչների կողմից  քաղաքական գործընթացներին իրենց ավանդական պրիզմայով նայելու մասին»,- ասաց Ղևոնդյանը՝ ընդգծելով, որ ժողովրդավարության տեսակետից այս ընտրությունները միայն առաջընթաց են, և  ողջունելի է, որ տեղի են ունենում մրցակցային ընտրություններ, որտեղ կարող են հաղթել տարբեր ուժեր։

Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին կրիմինալ տարրերի ներգրավմանը, ակտիվացմանը՝ քաղաքագետը նկատեց, որ դա բացառապես կախված է իշխանությունից։ «Բացառապես իրավապահների խնդիրն է այդ միտումները կանխարգելելը։ Որքան էլ որ ՏԻՄ ընտրությունների միջոցով որոշակի լծակներ ստացած մարդիկ փորձեն  նման տարրերի վրա հիմնվել և նորից դրանց աշխատեցնեն իրենց կամ իրենց հովանավորյալների իշխանությունն ամրապնդելու համար, իրավապահներն ունեն բոլոր լծակները դա թույլ չտալու համար։ Եթե իշխանությունը համապատասխան կամք ցուցաբերի, ապա նրանք քաղաքական գործընթացներում որևէ լուրջ դերակատարում չեն կարող ունենալ»,- եզրափակեց Ղևոնդյանը։