Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Սլովենիայի Ազգային ժողովի նախագահի հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Սլովենիայի Ազգային ժողովի նախագահի հետ
Քաղաքականություն
21:03, 21 октябрь 2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել է Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Իգոր Զորչիչի հետ:

Ալեն Սիմոնյանը կարեւորել է Սլովենիայի հետ բարեկամական հարաբերությունները, երկու երկրների օրենսդիր մարմինների արդյունավետ համագործակցությունը: Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը, որին իր նպաստը կբերի նաեւ խորհրդարաններում ձեւավորվելիք բարեկամական խմբերի սերտ համագործակցությունը:

Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Սլովենիայի հավասարակշռված մոտեցումը ԼՂ հիմնահարցում, որով սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը եւ ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը:

ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել սլովենական կողմին Ղարաբաղյան պատերազմի ընթացքում բեկորային ծանր վիրավորում ստացած հայ զինվորներին մարդասիրական օգնություն տրամադրելու առաջարկի համար:

Կողմերը քննարկել են միջազգային կազմակերպությունների եւ եվրոպական կառույցների շրջանակներում համագործակցության հեռանկարները:
ՀՀ ԱԺ նախագահը Սլովենիայի խորհրդարանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: