Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առուշ Առուշանյանը կշարունակի մնալ կալանավորված նույնիսկ պատգամավորական մանդատը վերցնելու դեպքում. փաստաբան

Առուշ Առուշանյանը կշարունակի մնալ կալանավորված նույնիսկ պատգամավորական մանդատը վերցնելու դեպքում. փաստաբան
Քաղաքականություն
18:17, 22 октябрь 2021
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանն այսօր՝ հոկտեմբերի 22-ին, վայր է դրել պատգամավորական մանդատը: Նշենք, որ Դավիթ Սեդրակյանը ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր, Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանի որդին է:  

Ըստ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի՝ հաջորդ պատգամավորի թեկնածուն Գորիս համայնքի նախկին ղեկավար Առուշ Առուշանյանն է, որը մի շարք քրեական գործերով մեղադրյալ է ներգրավված, ինչպես նաև ներկայումս կալանավորված է: Նրա գլխավորած «Առուշ Առուշանյան» դաշինքն օրերս ՏԻՄ ընտրություններում ձայների մեծ մասը հավաքեց, սակայն Առուշ Առուշանյանի կողմից համայնքն անմիջականորեն ղեկավարելու գործընթացն այս իրավիճակում անհնար է:  

Իրավական հարթությունում ինչ փոփոխություն է ակնկալելի, եթե Առուշ Առուշանյանը վերցնի պատգամավորական մանդատը:  Civic.am-ի հետ զրույցում փաստաբան Գևորգ Գյոզալյանը տեսակետ հայտնեց, որ դատախազությունը Առուշանյանին հետագայում կալանքի տակ պահելու համար պետք է ստանա ԱԺ համաձայնությունը: Սակայն նշեց, որ օրենքը մանրակրկիտ ուսումնասիրման կարիք ունի:

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն էլ վստահ է, որ Առուշ Առուշանյանի կողմից պատգամավորական մանդատը վերցնելու պարագայում նույնիսկ նա կշարունակի մնալ կալանավորված: Փաստաբանը մեկնաբանեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն իսկ իր դիրքորոշումը հայտնել է տվյալ իրավիճակների վերաբերյալ, որ եթե քրեական հետապնդումն սկսվել է նախքան պատգամավորական անձեռնմխելիություն ձեռք բերելը, ապա ԱԺ համաձայնությունն այլևս պետք չէ. «Համոզված եմ՝ գլխավոր դատախազը չի մտնի ԱԺ՝ ստանալու համաձայնություն Առուշ Առուշանյանի քրեական հետապնդումը շարունակելու հարցով: 2015թ. ՀՀ Սահմանադրության մեջ գրված է՝ քրեական հետապնդում սկսելու համար պետք է ԱԺ համաձայնությունը, իսկ եթե արդեն ենթարկվում է քրեական հետապնդման, ապա պետք չէ: Բայց տրամաբանությունը պետք է այնպիսին լիներ, որ եթե մարդը ժողովրդի ընտրյալ է, պետք է քրեական հետապնդումից հեռու մնա, կամ եթե քրեական հետապնդման է ենթարկվում, ապա Ազգային ժողովը պետք է համաձայնություն տա»:
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի կարծիքով՝ դատարանը ևս հաշվի չի առնի Առուշ Առուշանյանի պատգամավորական մանդատը. «Ընդդիմությունը պետք է քրեական հետապնդման ենթարկվող պատգամավորներին հանի իր շարքերից և ներգրավի իր ցուցակի հաջորդ թեկնածուներին՝ խորհրդարանում աշխատելու համար»: