Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետդեպը պատասխանել է Զախարովայի՝ ԱՄՆ-ին ուղղված մեղադրանքներին. «Արտաքին դերակատարները չպետք է փորձեն իրենց օրակարգը պարտադրել տարածաշրջանին». Factor.am

Պետդեպը պատասխանել է Զախարովայի՝ ԱՄՆ-ին ուղղված մեղադրանքներին. «Արտաքին դերակատարները չպետք է փորձեն իրենց օրակարգը պարտադրել տարածաշրջանին». Factor.am
Քաղաքականություն
12:24, 23 октябрь 2021
«Մենք խրախուսում ենք Հարավային Կովկասի երկրներին միասին աշխատել վեճերի լուծման և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման համար: Factor.am-ի հարցմանն այսպես է պատասխանել ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյան՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարություններին, թե ԱՄՆ-ը ձգտում է խանգարել «3+3» նախաձեռնությանը։

«Թեև արտաքին դերակատարները կարող են արդյունավետ դեր խաղալ նման ջանքերին աջակցելու համար, նրանք չպետք է փորձեն իրենց օրակարգը պարտադրել տարածաշրջանին»,- ասել է Պետդեպարտամենտի պաշտոնյան։

Նշենք, որ Factor.am-ի հարցումը՝ ուղղված ԱՄՆ պետդեպարտամենտին, այն մասին էր, թե ինչ կարծիք ունեն «3+3» ձևաչափի և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան տեսնում է մի շարք արևմտյան երկրների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի ձգտումը՝ խանգարել «3+3» տարածաշրջանային նախաձեռնությանը, խոչընդոտել նոր սկսվող այս գործընթացը։
«Ռուսաստանը կողմ է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմի հնարավորինս շուտ գործարկմանը՝ ի շահ դրա բոլոր մասնակիցների»,- հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք կարծում ենք, որ դա կօգնի բարձրացնել վստահությունը միջպետական հարաբերությունների նկատմամբ, լուծել առկա հակասությունները և բացահայտել տնտեսական, տրանսպորտային, հումանիտար ներուժը։ Մենք տեսնում ենք մի շարք արևմտյան պետությունների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի ձգտումը՝ խոչընդոտել որոշ գործընթացների»,- ասել էր նա:

Հիշեցնենք նաև, որ «3+3» նախաձեռնությունը ենթադրում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ փոխգործակցություն։