Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բովանդակությունը էապես պայմանավորված է լինելու Մոսկվայի վրա ազդեցության այն լծակներով, որոնց տիրապետում են Բաքուն ու Երեւանը․ Նավասարդյան

Բովանդակությունը էապես պայմանավորված է լինելու Մոսկվայի վրա ազդեցության այն լծակներով, որոնց տիրապետում են Բաքուն ու Երեւանը․ Նավասարդյան
Քաղաքականություն
15:01, 23 октябрь 2021
Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եթե նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ հայ-ադբեջանական պայմանագրերի ստորագրման մասին լուրը համապատասխանում է իրականությանը, ապա դրանց բովանդակությունը էապես պայմանավորված է լինելու Մոսկվայի վրա ազդեցության այն լծակներով, որոնց տիրապետում են Բաքուն ու Երեւանը։ Բաքվի ձեռքերում (հաշվի առնելով, նաեւ Անկարայի գործոնը) այդպիսի լծակներ միանշանակ կան։

Երեւանը, նույնիսկ եթե ունի, ամենայն հավանականությամբ, չի կարողանում դրանք արդյունավետորեն օգտագործել։ Դրա մասին վկայում է արդեն ստորագրման օրվա ընտրությունը, որը անկասկած Բաքվի նախաձեռնությունն էր։ Այդ իմաստով սահմանագծման հարցում (հաղորդակցությումների ապաշրջափակման թեման դեռ թողնեքն մի կողմ) ինչ-ինչ քարտեզների կիրառման շուրջ բուռն քննարկումները անիմաստ են, արհեստական օրակարգ են ձեւավորում։ Մեծ հաշվով, արխիվներում պահվող տարբեր ժամանակահատվածների քարտեզները ոչ մի էական դերակատարություն չունեն։

Ադրբեջանը ներկայացրեց Ռուսատանի ղեկավարությանը իր տարածքային պահանջները, չի բացառվում, որ վերջինս Բաքվի ախորժակները որոշ չափով համեստ շրջանակների մեջ տեղավորեց, սակայն գոհ մնալու բոլոր հիմքերը թողեց։ Իսկ համապատասխան քարտեզներ, որոնք ֆորմալ առումով դրվելու են պայմանավորվածությունների տակ, ՌԴ գենշտաբում անշուշտ կգտնվեն։ Այստեղից հարց է առաջանում, պե՞տք է արդյոք ՀՀ ղեկավարությունը համաձայնի, կամ, ավելի ճիշտ, համաձայներ, մեզ պարտադրվող տարբերակի հետ։

Չգիտեմ… Քանի որ տեղյակ չեմ, որքանով են ուսումնասիրվել այլընտրանքային հնարավորությունները, վստահ չեմ այդ հնարավորությունները օգտագործելու դիվանագիտական եւ այլ ներուժի, ինչպես նաեւ քաղաքական կամքի առկայության մեջ։ Իսկ չստորագրելու հետ կապված ռիսկերը աչքերիս առաջ են։ Ամենադաժանը այն է, որ այս տխուր իրականությունից խուսափելու ճանապարհը տեսնողներից, գոնե 2021-ի նոյեմբերի 9-ի պահով (եթե տարածված տեղեկությունը հաստատվում են), արդեն ոչ մի բան կախված չէ…»։