Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2022 թվականի պաշտպանական բյուջեն կազմում է ավելի քան 345 մլրդ դրամ՝ 11 տոկոսով ավելի 2021-ի համեմատ. Նիկոլ Փաշինյան

«2022 թվականի պետական բյուջեն հիմնված է երեք առաջնահերթությունների վրա՝ անվտանգության համակարգի բարեփոխում, ենթակառուցվածքների զարգացում, կրթության և գիտության արդիականացում»,- այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստերում բյուջետային քննարկումների ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ 2022 թվականի պաշտպանական բյուջեն, 2021-ի համեմատ, ավելի է 11 տոկոսով և կազմում է ավելի քան 345 մլրդ դրամ. «Մենք հետևողականորեն շարժվելու ենք պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով, բայց դա անելու ենք սահուն, մտածված քայլերով՝ քայլ առ քայլ մեծացնելով զինվորական գրավչության ծառայությունը, բարելավելով սպայի և սպայական ծառայության կերպարը, զարգացնելով ու բարելավելով ՀՀ պաշտպանության դոկտրինը: Մեր երկրի սահմանների պահպանությունը շարունակում է մնալ կարևորագույն առաջնահերթություն, և խնդիր ենք դրել ամեն տարվա հետ սահմանների պահպանության գործառույթն իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով: ՀՀ տարածքից, մասնավորապես Սոթք-Խոզնավար հատվածից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերման և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի մեկնարկը բարենպաստ պայմաններ կստեղծի այս խնդրի լուծման համար»:

Վարչապետը շեշտեց, որ Հայաստանը զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար. «ՀՀ-ն տարածքներ նվաճելու մտադրություն չունի»:

Վարչապետն անդրադարձավ նաև Հայաստանի շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորմանը և նկատեց. «Խաղաղ դարաշրջան բացելու համար մեր տարածաշրջանում պետք է հաղթահարվի թշնամանքի մթնոլորտը, ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով վերականգնվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, ապաշրջափակվեն տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքները»: Նա հավելեց, որ այս դեպքում կարող է որակապես փոխվել ՀՀ տնտեսության բովանդակությունն ու կառուցվածքը: