Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախին հատկացվել է 144 մլրդ-ի միջպետական վարկ՝ նախորդ տարիների համեմատ 84 մլրդ-ով ավելի. Հիմա դուք խոսում եք կես մլրդ ափսոսալու մասին. Գևորգ Պապոյանը՝ Արթուր Խաչատրյանին

Արցախին հատկացվել է 144 մլրդ-ի միջպետական վարկ՝ նախորդ տարիների համեմատ 84 մլրդ-ով ավելի. Հիմա դուք խոսում եք կես մլրդ ափսոսալու մասին. Գևորգ Պապոյանը՝ Արթուր Խաչատրյանին
Քաղաքականություն
12:59, 25 октябрь 2021
«Ձեր քվեարկած փաստաթղթում Արցախին նախատեսված աջակցությունը 144.5 մլրդ դրամ է, ԱԺ ուղարկված փաստաթղթում՝ 144 մլրդ:

Ուզում եմ հասկանալ՝ կես միլիարդն ինչի՞ ափսոսացիք Ղարաբաղին միջպետական վարկ տրամադրելու համար»,- այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստերում բյուջետային քննարկումների ժամանակ, դիմելով ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին, հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: 

Նա նաև հետաքրքրվեց, թե ինչից է գալիս ՀՆԱ-ի 7 տոկոս աճի լավատեսությունը:

Անդրադառնալով, իր իսկ խոսքով, տաք թեմայի՝ Արթուր Խաչատրյանն ասաց. «Շահաբաժիններից ստացվող եկամտի ավելացումը մոտ 6 մլրդ-ով եք գնահատել, ինչն ավելի շատ է, քան 2021 թվականին, բայց ավելի քիչ է, քան 2020 թվականին: Վարչապետի աշխատակազմի ղեկավարության տնօրինությանն անցավ ՔՊՄԿ-ի 15 տոկոսը. արդյոք էդ ՔՊՄԿ-ի 15 տոկոսը, 50 տոկոսն էլ ավելացնելով, 12 մլրդ դրա՞մ է գեներացնելու»:

Արձագանքելով կես միլիարդ Արցախին ափսոսալու Արթուր Խաչատրյանի դիտարկմանը՝ նիստը նախագահող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը նշեց. «Վստահ եմ գիտեք, նախորդ տարիների բյուջեներում Արցախին միջպետական վարկը եղել է 40-60 մլրդ, իսկ այս տարի տրվել է 144 մլրդ կամ ավելացել է 84 մլրդ-ով: Եվ այդ դեպքում այդ կես միլիարդը տեխնիկական հարց է, և տարեկան ճշգրտումների մեջ մենք կարող է շատ ավելի հատկացնենք»:

Արթուր Խաչատրյանի մյուս հարցերին պատասխանեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: