Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը հետևում են 10 դեսպաններին արտաքսելու մասին հայտարարությանը՝ չշտապելով քայլեր ձեռնարկել․ ՀԺ

ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը հետևում են 10 դեսպաններին արտաքսելու մասին հայտարարությանը՝ չշտապելով քայլեր ձեռնարկել․ ՀԺ
Քաղաքականություն
15:16, 25 октябрь 2021
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ դեռ վաղ է մեկնաբանել 10 երկրների դեսպաններին պերսոնա նոն գրատա հայտարարելու Թուրքիայի որոշումը։ Այդ մասին նա հայտարարել է երկուշաբթի օրը Հելսինկիում Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Քանի դեռ մենք չիմանանք, թե ինչ արդյունք կտան Թուրքիայի և 10 երկրների միջև շփումները, դեռ վաղ է որևէ բան ասել»,- ասել է նա։

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ «առայժմ ոչ մի միջոց չի ձեռնարկվել», ինչի կապակցությամբ պետք է սպասել Անկարայի և 10 երկրների միջև բանակցությունների արդյունքներին։

Եվրամիությունն էլ ուշադիր հետևում է 10 երկրների դեսպաններին պերսոնա նոն գրատա հայտարարելու Թուրքիայի որոշման շուրջ ստեղծված իրավիճակին։ Այս մասին երկուշաբթի Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:

«Իհարկե, մենք ի գիտություն ենք ընդունել և շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին, այս ամբողջ իրավիճակը լուրջ խնդիր է»,- ասել է  նա։

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն էլ, արձագանքելով դեսպանների արտաքսման մասին հայտարարությանը, ասել է.

«Սա կոշտ արձագանք է նախագահ Էրդողանի կողմից։ Շատ ցավալի իրավիճակ է։ Մենք կարևոր ենք համարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների նկատմամբ հարգանքի դրսևորումն ու դրանց կիրառումը։ Այդ իսկ պատճառով կոչ ենք անում ազատ արձակել այդ իրավապաշտպանին»,- նշել է Սաննա Մարինը։

Ֆինլանդիայի վարչապետը նաև հայտարարել է, որ իրենք այդ հարցի առնչությամբ կապի մեջ են թուրքական իշխանությունների հետ, ուստի վերջնական եզրակացության գալուց առաջ սպասում են Անկարայից լրացուցիչ տեղեկությունների։ Ավելի վաղ նույնաբնույթ հայտարարություն էր արել նաև Դանիայի արտգործնախարարը։ Իսկ Նորվեգիան հայտնել էր, որ շարունակելու է Թուրքիային կոչ անել պահպանել օրենքի գերակայությունը։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Նիդեռլանդների, Դանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Նոր Զելանդիայի՝ Թուրքիայում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպանները հոկտեմբերի 18-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով ազատ արձակել բարերար և իրավապաշտպան Օսման Քավալային: Դրանից անմիջապես հետո նրանք կանչվել են Թուրքիայի ԱԳՆ:

Այնուհետ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ հիշյալ 10 երկրների դեսպանները վտարվելու են երկրից:

Աղբյուր՝ armtimes.com