Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսին
Քաղաքականություն
19:00, 25 октябрь 2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 25-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսին:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով  երկու երկրների արդյունավետ համագործակցությունը:  Նա մեծապես կարեւորել է Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության ձեւաչափի շուտափույթ մեկնարկը՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցերի շուրջ: Կողմերն անդրադարձել են Կիպրոսի հիմնահարցին:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը միջազգային կազմակերպություններում շարունակելու է աջակցել Կիպրոսին եւ կողմ է բանակցությունների ճանապարհով խնդրի խաղաղ կարգավորմանը` հիմք ընդունելով ՄԱԿ-ի բանաձեւերի սկզբունքները: Երկուստեք արձանագրվել է անել առավելագույնը համագործակցությունն ու բարեկամությունն առավել ամրապնդելու ուղղությամբ:

Կիպրոսի արտաքին գործերի նախարարն առանձնահատուկ ընդգծել է  հայ համայնքի անգնահատելի դերակատարությունը Կիպրոսի հասարակական եւ քաղաքական կյանքում: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման համատեքստում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորությունների լիարժեք օգտագործմանը: Զրուցակիցները քննարկել են կիպրական կողմի ներդրումային հնարավորությունները` կարեւորելով Կիպրոսի հետ տնտեսական եւ զբոսաշրջային համագործակցությունը: