Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարող ենք քննադատել իրար ինչքան հնարավոր է՝ սուր, բայց անձնական վիրավորանք չհնչեցնել. Ռուբեն Ռուբինյանը՝ երեկվա միջադեպի մասին

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում շարունակվում են հերթական նիստի աշխատանքները: 

Անդրադառնալով երեկվա միջադեպին, երբ անվտանգության աշխատակիցները «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանին հետացրին ամբիոնից, և պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նկատեց. «Ցանկացած պատգամավոր հնարավորություն ունի իր բոլոր դիրքորոշումները հայտնելու: Բայց ոչ մի պատգամավոր չպիտի հնարավորություն ունենա վիրավորելու մեկ այլ պատգամավորի՝ լինի իշխանական, թե ընդդիմադիր: Նիստը նախագահողի պարտականությունն է ապահովել, որպեսզի այդպես չլինի: Անվտանգության աշխատակիցները ներս են մտել ոչ թե այն բանից հետո, երբ նա, ըստ իս, անձնապես վիրավորում էր պատգամավորին, այլ այն բանից հետո, երբ նա հրաժարվում էր լքել ամբիոնը»:

ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ սուր, բայց բովանդակային քննարկումներ անցկացնելու համար պետք է խուսափել վիրավորական բառերից միմյանց հասցեին. «Եկեք պահենք այս կանոնը, բայց քննադատենք իրար ինչքան հնարավոր է՝ սուր»: