Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բա Արցախի ուրացում չէ՞, որ սպասարկում եք մի մարդու, որը չի հանգստանում՝ մինչև պետության ղեկավար չդառնա․ Երկգլխանի դևի պոչը պետք է դուրս գա այս դահլիճից․ Տեսանյութ

Այսօր ԱԺ-ում ԿԲ խորհրդի անդամի թեկնածուի վերաբերյալ քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ասաց, որ ԱԺ ամբիոնը համարվում է քաղաքական թիվ 1 ամբիոնը, և դա պատահական չի, որ այն այդպես է գնահատվում, որովհետև, այս ամբիոնն ունի նաև քաղաքական մշակույթ ձևավորելու առաքելություն, այս ամբիոնն ունի առաքելություն՝ հայոց լեզուն անարատ հնչեցնելու և նրա նկատմամբ հարգանք ու ակնածանք խորացնելու, այս ամբիոնն ունի առաքելություն՝ փոխադարձ հարգանք դրսևորելու և այլն։

Հիշեցնենք, որ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովը, որպես ԿԲ խորհրդի անդամի թեկնածու առաջարկել է Արտակ Մանուկյանի թեկնածությունը։

Վիգեն Խաչատրյանի խոսքով՝ իրենք կառուցում են շատ հետաքրքիր պետություն, որի ավանդույթների մեջ աստիճանաբար պիտի հաստատվի այն համոզումը, որ խորհրդարանով անցած գործիչը, երբ որ անցնում է դատական համակարգ, բանկային համակարգ, կառավարման համակարգ, պարտադիր չի, որ խորհրդարանով անցնի, բայց պատգամավոր աշխատելու ժամանակահատվածը, որպես կանոն դրական է անդրադառնում հետագա աշխատանքների վրա։ 

«Առավել ևս, եթե մենք պառլամենտական երկիր ենք, մենք պիտի այս դահլիճի մեծամասնությանը դիտենք որպես ապագա կերտող կադրեր և այստեղ է, որ նրանք պիտի սովորեն  միասին աշխատել։ Այդ առումով ներկայացված թեկնածուն համապատասխանում է իմ այդ պատկերացումներին։ Վստահ եմ, որ թեկնածուի աշխատանքը խորհրդարանում, թեև կարճաժամկետ, բայց դրական կանդրադառնա իր գործունեության վրա։ Ինչպես նաև վստահ եմ, որ կատարյալ թեկնածու չի և դեռ կատարելագործվելու տեղ կունենա, որովհետև աշխատանքն է վերջին հաշվով մարդուն կատարելագործում»,-ասաց Վիգեն Խաչատրյանը։ 

Այնուհետև Վիգեն Խաչատրյանն ասաց, որ ինքը միշտ խուսափել է  անուններ հնչեցնելուց, բայց ԱԺ-ում, մի պատգամավոր, որն ակնարկել է իր կարծիքը կուսակցության մասին, Հ1-ի նախընտրական բանավեճի ժամանակ, երբ որ հիշեցրել է իր այդ կարծիքը, Խաչատրյանն ասել է, որ անհամեստություն է, բայց այն որ իրեն հրավիրել են ՔՊ-ի ցուցակով մասնակցելու, խոսում է հասունացման մասին։

«Շատ անհամեստ բան եմ ասել՝ շեշտելով, որ ցանկացած քաղաքական ուժ ունի հասունանալու տեղ, դա բնական է, բայց վտանգավոր է, երբ որ քաղաքական ուժը դեգրադացվում է, այ ըտեղ չես իմանում ինչով օգնես։ Ոնց կարելի է դեգրադացիա չհամարել այն քաղաքական ուժի ընթացքը, որն ի դեմս իր այլընտրանքի՝ դիտում է ընդունենք  իդիոտի, դիտում է դատարակ դհոլի, դիտում է կրկեսի ծաղրածուի, դիտում է  հաճախորդի։ Ո՞նց էիք ուզում, որ նման քաղաքական ուժը չդեգրադացվի, երբ որ ինքը մրցակից է բացառել, երբ որ այլընտրանք է բացառել։ Ո՞նց կարող եմ ես վերաբերվել  էն քաղաքական ուժին, որն այդ երևույթի նկատմամբ աչք է փակել, ինչ է թե կոալիցիա կազմի հետը։ Ու ո՞նց չհամարեմ ես Արցախի ուրացում, երբ որ քաղաքական ուժը տեսնում է, որ գեներալները ռակի ու ձկան բիզնեսով են զբաղվում կամ անտառ են հատում ու ձեն չի հանում, ծպտուն չի հանում, երբ որ տեսնում է ինչ մակարդակի սպաներ են գեներալներ դառնում ու ձեն չի հանում, որովհետև փափուկ աթոռ է  ստացել, էդ Արցախի ուրացում չի՞։ Երբ որ տեսնում է, որ Արցախին հակադրում են Հայաստանի դեմ ու ձեն չի հանում  դեռ ավելին կրակի վրա յուղ է լցնում, էդ Արցախի ուրացում չի՞»,-ասաց Վիգեն Խաչատրյանը։

Վերջինս նշեց, սակայն, որ դա չի համարում դավաճանություն, դա համարում է Արցախի ուրացում։

Պատգամավորի խոսքով՝ Արցախի նկատմամբ ուրացումը բերեց այս երբեմն անդառնալի թվացող իրավիճակին, այս տագնապալի իրավիճակին, երբ որ մեզ պետք է համախմբվել, մենք նորից կրակի վրա յուղ ենք լցնում։ 

«Բա Արցախի ուրացում չի՞, երբ որ Արցախի հարցը սպասարկելու փոխարեն սպասարկում եք ինչ-որ մի պաշտոնատենչի, որ չի կարողանում հանգստանա, մինչև պետության ղեկավար չդառնա։ Բա Արցախի ուրացում չի, որ փոխանակ սպասարկեն Արցախի շահերը, սպասարկում են այդ մարդու շահերը։ Ես այս ամբիոնից պաշտոնապես հայտարարեցի, որ երկգլխանի դևի պոչը պիտի դուրս գա այս դահլիճից»,-ասաց Վիգեն Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում