Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ակնհայտորեն մխրճվում ենք դատական իշխանության ոլորտ. Չի կարող այդպիսի հանձնաժողով ստեղծվել. Վլադիմիր Վարդանյանը՝ Արամ Վարդևանյանին

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում շարունակվում են հերթական նիստի աշխատանքները: ԱԺ պատգամավորների մեկ քառորդի պահանջով դատարաններում գործերի օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաև արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով: Այս մասին տեղեկացրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և նշեց, որ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է ԱԺ որոշմամբ, և այժմ պետք է քննարկվի այդ որոշման նախագիծը:

«Եկեք խոստովանենք՝ եթե այս նախագիծը ես դնեի շրջանառության մեջ, դուք կասեիք, որ սա աշխարհի ամենահակասահմանադրական նախագիծն է»,- դիմելով նախագիծը ներկայացնող՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանին՝ ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
Նա հարց բարձրացրեց. «Կարո՞ղ է Ազգային ժողովը սահմանել՝ դատարաններում գործերի օրենքով սահմանված կարգը խախտվե՞լ է, թե՞ ոչ»:

Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ օրենքի կատարման նկատմամբ վերահսկողությունը լրիվ այլ ինստիտուտ է և չի իրականացվում այս ընթացակարգով. «Այստեղ չի կարող լինել իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողով այն պարզ պատճառով, որ հանձնաժողովի ստեղծման համար անհրաժեշտ է երկու փոխկապակցված պայման՝ հարցը պետք է վերաբերի ԱԺ լիազորություններին, իսկ այստեղ մենք ակնհայտորեն մխրճվում ենք դատական իշխանության ոլորտ, և երկրորդ՝ հարցը պետք է ունենա հանրային հետաքրքրություն»: