Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չի կարելի ԱԺ-ն վերածել ինչ-որ դատավորների ֆան ակումբների մրցակցության․ Վահագն Ալեքսանյանը՝ Գեղամ Մանուկյանին

«Պարոն Գեղամ Մանուկյանի բոցաշունչ ելույթից հետո մի միտք ծագեց մոտս, որ անընդհատ շեշտվում է, որ նրանք կալանավորված են՝ ձեռքով մակագրման արդյունքում, այսինքն՝ ձեռքով մակագրումն ինքնին գործոն է պարոն Մանուկյանի պատկերացմամբ»,- այդ մասին այսօր՝ ԱԺ-ում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Այնուհետև Վահագն Ալեքսանայնը Մանուկյանին հիշեցրեց, որ 2014, թե 2015 թվականին է ներդրվել դատավորների ավտոմատ մակագրման համակարգը, բայց մինչև այդ, որ այդքան տարի իշխանություն են եղել, տարիներ շարունակ մարդիկ դատվել են, քաղաքացիական վեճեր են լուծվել ու էդ ամեն ինչը, պատկերացրեք, ձեռքի մակագրմամբ։ 

«Չի կարելի այդքան ֆետիշացնել ինչ-որ մի ավտոմատ սարք, միայն այն պատճառաբանությամբ, որ դուք, որպես քաղաքական թիմ, ունեք կոնկրետ դատավորների շարք, որոնք մեծամասամբ նշանակվել են ձեր իշխանության եղած ժամանակ, որոնց շատ սիրում եք, համակրում եք, և ունեք մի շարք, որոնց չեք սիրում և չեք համակրում»,-ասաց Վահագն Ալեքսանյանը։

Վերջինս նշեց, որ չի կարելի ԱԺ-ն վերածել ինչ-որ դատավորների ֆան ակումբների մրցակցության, դատավորները դատավորներ են, թողեք անեն իրենց գործը, և եթե ինչ-որ մեկը սխալ է անում իր գործը, ապա պատգամավորը կոչ արեց դրա մասին համապատասխան հաղորդում ներկայացնեն պատկան մարմիններին։

«Որովհետև, պարոն Վարդևանյան, ասում եք փաստաբանների ռեյտինգը էսպես, էնպես, լավ,  իսկ տարբեր գործերում օրինակ՝ տուժող հանդիսացած և փաստաբան չունեցած և փաստաբանի գումար չունեցած մարդկանց ռեյտինգն ինչ-որ մեկը հաշվե՞լ է, դատախազի կողմից ռեյտինգ կա՞ ։ Հիմա դատավարությունն ունենում է երեք կողմ ՝մեղադրող կողմ, պաշտպանող կողմ և տուժող կողմ, հիմա մի կողմին ասում եք մի կողմից ամենասիրված են, իսկ կարողա՞ ամենասիրվածն են, որովհետև շատ հարմար վճիռներ են կայացնում։ Ես չգիտեմ, բայց կոչ եմ անում, այդպես մի վարվեք»,-ասաց Վահագն Ալեքսանյանը։