Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործընթացը նպաստեց, որ այդ ռազմավարի պուրակից հեռացվեն մանեկենները․Արարատ Միրզոյան

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը՝ դիմելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ասաց, որ ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանում վերջերս ավարտվեց Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի շրջանակներում Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ դատական բանավոր լսումները և կարծում է՝ սխալված չեմ լինի, եթե ասի, որ ոչ միայն հայ հանրությունը՝ Հայաստանում և Սփյուռքում, այլև՝ միջազգային հանրությունը և փորձագիտական շրջանակները ուշադրությամբ հետևում էին այս գործընթացին։

Պատգամավորը՝ նախարարին խնդրեց ներկայացնել իր  գնահատականը և ասել, թե ի՞նչ ակնկալիքներ ունենք մենք այս գործընթացից։     
Ի պատասխան, Արարատ Միրզոյանն ասաց, որ գործընթացն իսկապես կարևոր է և ըստ արժանվույն է, որ արժանացել է և՛ հայ հասարակության, և՛ ենթադրում եմ նաև միջազգային հանրության ուշադրությանը։

Նախարարն ասաց, որ խոսքը դատական գործընթացի մասին է, և չէր շտապի այժմ մեկնաբանություններ կամ հայտարարություններ անել դատական գործընթացի մասին։ 

Նախարարի խոսքով՝ նախնական արդյունքների մասին կտեղեկանանք միայն նոյեմբերին, և ինքը խոսում է այդ թվում՝ անհապաղ միջոցների կիրառման կամ չկիրառման վերաբերյալ որոշումների մասին, և ըստ այդմ կտեղեկացնեն հանրությանը և իրենց մեկնաբանությամբ հանդես կգան։

«Այս պահին ասեմ միայն երկու հանագմանք։ Նախ, ուզում եմ նշել, որ Հայաստանը ներկայացնող թիմն իսկապես և՛ մասնագիտական, և՛ բովանդակային հագեցվածության առումով, իսկապես ուժեղ փաստաթղթերի փաթեթ, ուժեղ հայց է ներկայացրել։ Եվ երկրորդ, ուզում եմ ասել, որ մի արդյունք արդեն կարող ենք արձանագրել։ Հավանաբար գիտեք, որ Արդբեջանն ի վերջո հեռացրեց մանեկեններին և սաղավարտները՝ տխրահռչակ ռազմավարի պուրակից, որը բացել էին։ Ես ուզում  եմ ասել, որ ակնհայտ էր, որ այս պուրակը հայատյացության և ընդհանրապես այլատյացության հստակ, ամենաճչուն դրսևորումն էր և ահա այս դատական գործընթացը նպաստեց նրան, որ այդ մանեկեններն այդտեղից հեռացվեն»,-ասաց Արարատ Միրզոյանը։