Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեր կուսակցությունը 1998-ից մինչև 2016 թվականը բանակցել է հայրենիքի 72 տոկոսը հանձնելու մասին. Վարչապետը՝ ՀՅԴ-ին, ՀՀԿ-ին ու «Հայաստան» դաշինքին

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշեց, որ 44-օրյա պատերազմի մասին արդեն մեկ տարի է՝ խոսվում է, և դեռ երկար է խոսվելու:

Նա կոնկրետ հարց հնչեցրեց՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին. «Ե՞րբ ձեզ զեկուցվեց, որ պատերազմի շեմին ենք, կամ ե՞րբ է մեծացել պատերազմի հավանականությունը: Նշեք ոչ միայն ամսաթիվը, այլև մոտավոր ժամերը, որովհետև դրանից շատուշատ դրվագներ են կախված»: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այն, որ պատերազմի շեմին ենք, կարծում եմ՝ ՀՀ ղեկավարներին զեկուցվել է շատ վաղուց, օրինակ՝ 2011թ. Կազանյան փաստաթղթի չստորագրումից հետո: 2018-ին իմ՝ վարչապետ դառնալուց հետո էդպիսի զեկույցներ եղել են պարբերաբար, բայց մենք պետք է ֆիլտրենք տեղեկությունը: Այս ամբիոնից նաև Սերժ Սարգսյանն է հայտարարել, որ այս պահից սկսած՝ ցանկացած պահի մենք պետք է սպասենք պատերազմի»:

Նիկոլ Փաշինյանը իր զարմանքը հայտնեց, որ «Հայաստան» դաշինքն է խոսում Արցախի սուբյեկտայնության նվազման մասին. «Կներեք, դուք եք Արցախը բանակցային սեղանից դուրս թողել 1998 թվականին, և դա միջազգայնորեն ընդունված փաստ է: Բա որ Արցախի 72 տոկոսը բանակցային սակարկության առարկա էր, ձեր իշխանության օրոք ինչի՞ ձայն չէիք հանում, ինչի՞ չէիք ասում, որ դավադրություն է կազմակերպվում: Բա դուք չգիտեի՞ք, որ պատերազմը կանգնեցնելու գինը այդ բոլոր տարածքները վերադարձնելն է, մեզ ասում եք՝ ինչի չենք կանգնեցրել պատերազմը: Ինչո՞ւ էիք կողմ քվեարկում Վարչատարածքային բաժանման մասին օրենքին, որում գրված է, որ Փելասարի վերևով անցնում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանը, ինչի՞ եք գրել Ադրբեջանի պետական սահմանը, գրեիք, որ այստեղ վերջանում է ՀՀ պետական սահմանը»:
 
Վարչապետը նշեց, որ առաջիկայում փաստերը կբացահայտվեն:

«Ձեր կուսակցությունը 1998 թվականից մինչև 2016 թվականը բանակցել է հայրենիքի 72 տոկոսը հանձնելու մասին: Բանտից թարմ դուրս էիք եկել, Ղարաբաղի մասին մոռացե՞լ էիք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցությանը: