Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանը երկու ընդդիմադիր խմբակցություններին հրավիրեց հանդիպման

Նիկոլ Փաշինյանը երկու ընդդիմադիր խմբակցություններին հրավիրեց հանդիպման
Քաղաքականություն
18:40, 27 октябрь 2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններին Արցախի հիմնահարցը քննարկելու համար հրավիրեց հանդիպման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

Վարչապետը նշեց՝ ուզում է, որ մարդիկ տարբերեն երկու իրավիճակ: «Առաջին իրավիճակը հետևյալն է՝ երբ մենք կատարյալ խաղաղ վիճակում ենք, և տեղեկություն է գալիս, որ պատերազմը հնարավոր է: Իսկ երբ պատերազմը հնարավոր է, դա ակնհայտ է և անընդհատ հնչում են հայտարարություններ, որ ռազմական ճանապարհով ԼՂ հարց է լուծվելու, այդ պատերազմի մասին տեղեկությունները դառնում են սովորական լրահոսի նման մի բան»,-ասաց վարչապետն ու կարևորեց նաև տեղեկության ֆիլտրումը:

Նա նշեց՝ գործնականում ամեն օր էլ եղել է տեղեկություն, որ պատերազմը հնարավոր է: Սակայն ինստիտուտները ֆիլտրում են այդ տեղեկությունը և գնահատում, թե դա ինչքանով է հնարավոր: «Իմ հիշողության մեջ արձանագրված է, որ սեպտեմբերի 27-ից 2 օր առաջ ռադիոկլանում էր տեղին ունեցել, մի նախադասություն, որն այդ առումով շատ վստահելի էր թվացել: Դա տեղի է ունեցել 1-2 օր առաջ: Բայց դրանից առաջ անընդհատ եղել են տվյալներ, որ պատերազմ է լինելու»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց՝ ընդդիմությունը հարցեր է տալիս՝ իմանալով, որ դռնբաց ռեժիմով այդ հարցերին պատասխանելը դժվար է:

Անդրադառնալով նստել-խոսելու՝ ընդդիմության կողմից հնչեցված խոսքերին՝ Փաշինյանը նրանց հրավիրեց խոսելու: «Ո՞վ է երբևէ խոսելուց հրաժարվել: Ո՞ւմ եք հրավիրել: Մեծ հաճույքով, նստենք, խոսենք: Ես ընդունում եմ առաջարկը և երկու ընդդիմադիր խմբակցություններին ամբողջ կազմով հրավիրում եմ հանդիպման»,-ասաց Փաշինյանը: