Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ները կփակվեն. Հայաստանում ՔԿՀ-ները հանցագործ արտադրող ձեռնարկություններ են. Փաշինյան

«Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ները կփակվեն. Հայաստանում ՔԿՀ-ները հանցագործ արտադրող ձեռնարկություններ են. Փաշինյան
Քաղաքականություն
13:37, 28 октябрь 2021
Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ների գործունեությունը դադարեցվեց։ Համապատասխան որոշման նախագիծը հավանության արժանացավ կառավարության այսօրվա նիստում։

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշեց, որ այս նախագիծը 2022-ին կխնայի 1 մլրդ 200 մլն դրամ։

«Այս նախագիծը միայն գումար խնայելու մասին չէ։ Սա կարևոր սկիզբ է քրեակատարողական համակարգի հետագա բարելավման համար։ Ունենք 12 քրեակատարողական հիմնարկ, և եթե «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ների գործունեությունը դադարեցվի, կունենանք 10-ը, որոնց պայմանները, կառավարումը լավացնելով՝ կկարողանանք հետագայում էլ ավելի օպտիմալացնել համակարգը և լուծել մարդու իրավունքների լուրջ խնդիրներ»,-ասաց նախարարը։

Վերջինս հավելեց, որ այսօր 5346 տեղ ունենք, որտեղ կարող են պահվել ազատազրկվածները։ Կարեն Անդրեասյանը նշեց, որ տարիներ առաջ ունեինք 4530 կալանավոր և դատապարտյալ, իսկ հիմա նրանք 2113-ն են։

Նախարարը հավելեց, որ երկու քրեակատարողական հիմնարկների գործունեությունը դադարեցնելուց հետո 280 հաստիքի կրճատում են ունենալու, ինչը որոշակի դժգոհություններ կարող է առաջացնել քաղաքացիների մոտ, բայց նախարարի խոսքով՝ քրեակատարողական հիմնարկում նույնպես վեթինգ իրականացնելու կարիք ունեն։

«Այդ 280 մարդուց 70-ը տեղափոխվելու են այլ քրեակատարողական հիմնարկներ, 50-ը տեղափոխվելու են պրոբացիայի ծառայություն, իսկ մնացածը լինելու են կադրերի ռեզերվում։ Այստեղ էլ խնդիր ունենք՝ կրճատել այն աշխատակիցներին, որոնց վարքը դժգոհություն է առաջացրել, և նրանց հաշվին ունենալ աշխատավարձերի աճ»,-ասաց Կարեն Անդրեասյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ քաղաքական արձանագրում կատարեց, որ ՀՀ-ում այսօր կալանավորված ու դատապարտված անձանց պատմական մինիմումն է։

«Այն բարեփոխումները, որ իրականացնում ենք պրոբացիայի ոլորտում, ավելի արդյունավետ պայքար պետք է լինի հանցավորության դեմ, քան այն, ինչ մինչև հիմա ունենք։ ՀՀ-ում քրեակատարողական հիմնարկները շատ երկար ժամանակ հանցագործ արտադրող ձեռնարկություններ են։ Այսինքն մարդը կարող է ինչ-որ միջադեպով այնտեղ հայտնվի, և դուրս գա որպես պրոֆեսիոնալ հանցագործ»,-հավելեց վարչապետը։