Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անվտանգության աշխատակիցներին հրավիրել եմ, ոչ թե Գեղամ Մանուկյանի արտահայտության համար, այլ այն բանից հետո, երբ նա հրաժարվեց լքել ամբիոնը․ Ռուբեն Ռուբինյան

Անվտանգության աշխատակիցներին հրավիրել եմ, ոչ թե Գեղամ Մանուկյանի արտահայտության համար, այլ այն բանից հետո, երբ  նա հրաժարվեց լքել ամբիոնը․ Ռուբեն Ռուբինյան
Քաղաքականություն
15:38, 28 октябрь 2021
«Ես ճիշտ եմ անում, որ թույլ չեմ տալիս՝ որոշակի բառեր օգտագործել ԱԺ նիստերի դահլիճում, որովհետև կան բառեր և արտահայտություններ, որոնք չի կարելի օգտագործել ոչ միայն Հայաստանի խորհրդարանում, այլ նաև աշխարհի ցանկացած խորհրդարանում»,- այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։   

Նա նշեց, որ այլ հարց, որ չի կարող սահմանափակվել պատգամավորի կարծիքը՝ այս կամ այն հարցի վերբերյալ, եթե այդ կարծիքն արտահայտվում է էթիկայի նորմերին համապատասխան, բայց եթե օրինակ՝  իքս պատգամավորն ամբիոնի մոտից վիրավորական արտահայտություններ օգտագործի իգրեկ  պատգամավորի կամ ցանկացած այլ անձի վերաբերյալ, նիստը վարողը պարտավոր է թույլ չտալ, որ այդպիսի բան տեղի ունենա։ 

ԱԺ փոխնախագահն ասաց, որ բառերի պաշտոնական ցանկ չկա, բայց կա ընդհանուր տրամաբանություն և ողջախոհություն և նիստը վարողը, լինի դա ԱԺ նախագահը կամ փոխնախագահը իրենց հայեցողությամբ պետք է որոշեն։  

«Ցանկացած երկրի խորհրդարանում նիստը վարողը պարտավոր է ապահովել նիստի բնականոն ընթացքը և ցանկացած երկրի խորհրդարանում նիստը վարողը թույլ չի տալիս վիրավորական արտահայտությունների օգտագործում։ Ես այսօր դահլիճում էլ եմ խոսել դրա մասին, օրինակ՝ բրիտանական պառլամենտում կան բառեր, որոնց համար նիստը վարողը նախ կարող է պահանջել հետ վերցնել այդ բառը, այդպիսի պրակտիկա մեզ մոտ չկա, բայց շատ հետաքրքրիր է, և եթե պատգամավորը հրաժարվում է դա անել, դուրս հրավիրել նիստերի դահլիճից»,-ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Խոսելով նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին ամբիոնի մոտից հեռացնելու մասին՝ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ ինքը Գեղամ Մանուկյանին ամբիոնից հեռացնելու համար անվտանգության աշխատակիցներին հրավիրել է ոչ թե Մանուկյանի  արտահայտության համար։

«Իր արտահայտության համար ես հրահանգեցի անջատել խոսափողը։ Ես հրավիրեցի միայն այն բանից հետո, երբ նա հրաժարվեց լքել ամբիոնը»,-ասաց Ռուբեն Ռուբինյանը։