Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որպես զինվոր, պատրաստ լինելով ազգին ծառայել, գտնում եմ, որ որպես մարզպետ, ևս կարող եմ իմ ծառայությունը նորմալ մատուցել ժողովրդին․ Ռազմիկ Պետրոսյան

Որպես զինվոր, պատրաստ լինելով ազգին ծառայել, գտնում եմ, որ որպես մարզպետ, ևս կարող եմ իմ ծառայությունը նորմալ մատուցել ժողովրդին․ Ռազմիկ Պետրոսյան
Քաղաքականություն
19:13, 28 октябрь 2021
Այսօր կառավարության նիստում որոշվեց Արագածոտնի մարզպետ նշանակել Ապարանի նախկին քաղաքապետ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին։

Civic.am-ի հետ զրույցում Ռազմիկ Պետրոսյանն ասաց, որ մարզպետ դառնալու առաջարկությունը եղել է վարչապետի կողմից, և ինքը որպես զինվոր, պատրաստ լինելով ազգին ծառայել, գտնում է, որ որպես մարզպետ ևս կարող է իր ծառայությունը նորմալ մատուցել ժողովրդին, մեր ազգաբնակչությանը։ 

«Ես համաձայնություն եմ տվել նաև այն առումով, որ որպես մարզի բնակիչ, ծանոթ եմ մարզի խնդիրներին։ Մարզում մեկնարկել և լավ գործեր են արվում, ընթացքում նոր խնդիրները պետք է վեր հանվի, այնպես որ ծանոթ եմ խնդիրներին, դրա համար գտնում եմ, որ կարող եմ օգտակար լինել։ Ավանդական բաներ կան, դրանք պահպանվելու են, անհրաժեշտության դեպքում, նոր մոտեցումներ կարվեն։ Ինձ թվում է՝ որևէ նոր արտառոց բան այնտեղ անելու չկա, բայց աշխատանք շատ կա, այդ աշխատանքի հետ կապված վստահ եմ, որ ամեն ինչ անելու եմ, որ կարողանամ ի շահ մեր պետության, ի շահ մեր ժողովրդի իմ ծառայությունն այս բնագավառում նորմալ իրականացնեմ»,-ասաց Ռազմիկ Պետրոսյանը։ 

Նա տեղեկացրեց, որ վաղն առավոտյան կստանձնի մարզպետի պարտականությունները։ 

Վերջինս նշեց, որ ինքն արդեն նախկին մարզպետ Դավիթ Գևորգյանի աշխատած ժամանակ կողքից, որպես ընկերոջ, խրախուսել է, ողջունել է նրա կատարած լավ գործերը։ 

«Բացի դա, իմ գործընկերների փորձը, իմ կյանքի ընթացքում ձեռք բերած փորձը, տարբեր պաշտոններում աշխատած փորձն էլ, թե՛ որպես զինվորական, թե՛ որպես նախկին համայնքի ղեկավար, ժողովրդի հետ շփվելու, աշխատելու իմ ունակությունները հաշվի առնելով, կարծում  եմ՝ ինձ կհաջողվի իրականացնել այն բոլոր խնդիրները, որոնք իմ առջև դրված են»,-ասաց Ռազմիկ Պետրոսյանը։

Լիլիթ Թադևոսյան