Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրո՞ք ընդդիմությունն է մեղադրում. Մենք հապաղում ենք նրանց պատճառով. Անդրանիկ Քոչարյանը՝ դեռևս 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով չստեղծելու մասին

«Իրո՞ք ընդդիմությունն է մեղադրել. մենք հապաղել ենք, որպեսզի նրանք իրենց թույլտվության փաստաթղթերը կարգի բերեն»,- այսօր՝ հոկտեմբերի 29-ին, լրագրողների հետ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով մինչև հիմա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի չստեղծմանը առնչվող հարցին:

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ չորսից երեքը ստացել են թույլտվություն, միայն Ղազինյանը չի ստացել, որովհետև չի էլ ներկայացրել թույլտվության համապատասխան փաստաթղթերը, որպեսզի կարողանա գաղտնի փաստաթղթերից օգտվելու հնարավորություն ունենալ. «Մենք հապաղում ենք, որ վաղը ընդդիմությունը մեզ չմեղադրի, թե դուք շուտ սկսեցիք, որպեսզի մենք չմասնակցենք: Մենք մի քիչ էլ կսպասենք, երևի մեկ շաբաթ, երևի պարոն Ղազինյանն այնուամենայնիվ կողմնորոշվի՝ ինքը պաշտպանության հանձնաժողովի լիարժե՞ք անդամ է, թե՞ ոչ: Դա անխուսափելիորեն պետք է իրականացնենք, որպեսզի որևէ շահարկում չլինի»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ հավելեց, որ առաջին հերթին իրենք են շահագրգիռ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցում: