Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջիկայում հնարավոր է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կայանա

Առաջիկայում հնարավոր է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կայանա
Քաղաքականություն
12:09, 04 ноябрь 2021
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի կարծիքով` մոտ ժամանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ Հայաստան-Ադրբեջան արտաքին գործերի նախարարների միջև կլինեն նոր հանդիպումներ և պայմաններ կստեղծվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գևորգյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ակտիվացման ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվել և ինչ արդյունքներ կան:

«Կարծում եմ` ամենամեծ արդյունքը սեպտեմբերի 23-ին և 24-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ՀՀ արտգործնախարար-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ առանձին հանդիպումն էր, որին հետևեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մասնակցությամբ և միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Համանախագահները հանդիպումից հետո հանդես եկան հայտարարությամբ, որտեղ կրկին վերահաստատեցին, որ իրենք գործում են իրենց մանդատի շրջանակներում, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է: Կարծում եմ, այս փուլում դա շատ կարևոր արձանագրում է: Մենք շարունակելու ենք մեր ջանքերը այս ուղղությամբ և, կարծում եմ, մոտ ժամանակներում կլինեն նոր հանդիպումներ և պայմաններ կստեղծվեն խաղաղ գործընթացի լիարժեք վերսկման համար»,- ասաց Գևորգյանը: