Քաղաքացիակենտրոն
լրատվություն

28 տոկոսով ավելացնում եք պետական կառավարման ապարատի ծախսերը. սա ո՞նց կհասկանա կենսաթոշակառուն․ պատգամավորի հարցը՝ սոցապ նախարարին

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները: 

«Նվազագույն աշխատավարձի բարձրացում չեք նախատեսում, ինչի օբյեկտիվ անհրաժեշտությունը ակնհայտ է»,- դիմելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին՝ նշեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանը և հիշեցրեց գնաճը:

Պատգամավորն անդրադարձավ նաև անապահովության նպաստի ծրագրին հատկացվող գումարի նվազմանը և այլ ուղղություններով գումարների կրճատմանը:

«Ինչքան էլ խոսեք մակրոտնտեսության կայունության մասին, ասեք՝ սպասեք մինչև երկիրը զարգանա, դեռ փող չկա, բայց դուք 28 տոկոսով ավելացնում եք պետական կառավարման ապարատի ծախսերը. սա ո՞նց կհասկանա կենսաթոշակառուն: Եթե այն ծախսերը, որ դուք ավելացրել եք, ուղղեիք սոցապահովությանը, կարելի էր կենսաթոշակները ամբողջությամբ ավելացնել 10 տոկոսով բոլորի համար»,- հարց տվեց պատգամավորը:

Անդրադառնալով աշխատավայրում դժբախտ դեպքերի հատուցման համար վճարվող գումարի չափին՝ Թադևոս Ավետիսյանը խոսեց Սոկրատ Սարգսյան անուն-ազգանվամբ մարդու մասին, որը, նրա խոսքով, մշտապես այցելում է հանձնաժողով և «սպառնում» իրենց:
Ի պատասխան նախարարն ասաց. «Կարծես մոռանում ենք, որ մեր երկիրն անցել և անցնում է երկու ծանրագույն ճգնաժամերի միջով՝ պայմանավորված կորոնավիրուսով և պատերազմով, որոնք բացասական ազդեցություն պետք է թողնեին նաև մեր ոլորտի վրա»:

Նարեկ Մկրտչյանը ընդգծեց, որ 2022 թվականին նախատեսվում են մի շարք բարձրացումներ. «Նվազագույն կենսաթոշակի, սոցիալական նպաստի չափերը: Իսկ նվազագույն աշխատավարձի բարձրացումը մեր կառավարության հնգամյա ծրագրի մաս է կազմում»:

Պատգամավորը, արձագանքելով, խնդրեց չմոռանալ Սոկրատին, ինչին ի պատասխան նախարարն ասաց. «Սոկրատին չեմ մոռանա, կխնդրեմ Սոկրատի տվյալները փոխանցել, ես էլ ծանոթանամ»: