Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2022 թվականին նախատեսվում է նվազագույն կենսաթոշակի բարձրացում 2100 դրամով. այն ամեն տարի բարձրացվելու է. Նարեկ Մկրտչյանը՝ Արմենուհի Կյուրեղյանին

2022 թվականին նախատեսվում է նվազագույն կենսաթոշակի բարձրացում 2100 դրամով. այն ամեն տարի բարձրացվելու է. Նարեկ Մկրտչյանը՝ Արմենուհի Կյուրեղյանին
Քաղաքականություն
12:45, 05 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները: 

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը նկատեց, որ բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը առանց այն էլ շատ ցածր է, հատկապես մարզային բուհերում, և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանից հետաքրքրվեց, թե արդյոք հնարավոր չէ՞ նրանց ներառել սոցփաթեթում:

Նախարարը հիշեցրեց, որ սոցփաթեթից օգտվելու ուղղություններն արդեն ավելացվել են, և հավելեց. «Այժմ քննարկման փուլում է գտնվում սոցփաթեթի շահառուների շրջանակի ընդլայնումը, և բազմաթիվ նամակներ ստացել ենք ձեր բարձրացրած ոլորտի մասնագետներից: Քանի որ դեռ քննարկումները շարունակվում են, չեմ կարող որոշակի ասել արդյունքի մասին, բայց վստահաբար այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են»:

Նարեկ Մկրտչյանը հավելեց, որ թեև երկիրն անցնում է այս ճգնաժամերի միջով, այնուամենայնիվ յուրաքանչյուր ոլորտում կարելի է տեսնել աշխատանքներ, ծախսեր, ինչը ըստ էության կառավարության աշխատանքի մասին է վկայում. «2022 թվականին նախատեսվում է նվազագույն կենսաթոշակի բարձրացում 2100 դրամով կամ շուրջ 8 տոկոսով, և յուրաքանչյուր տարի այն բարձրացվելու է»: