Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ի ժողովրդավարության գագաթնաժողովին պետք է մասնակցել վարչապետի մակարդակով. այլ ձևաչափը լուրջ բացթողում է. Սարգսյան

ԱՄՆ-ի ժողովրդավարության գագաթնաժողովին պետք է մասնակցել վարչապետի մակարդակով. այլ ձևաչափը լուրջ բացթողում է. Սարգսյան
Քաղաքականություն / Միջազգային
11:45, 07 ноябрь 2021
Դեկտեմբերի 8-9-ը Վաշինգտոնում կանցկացվի ժողովրդավարության հարցերով համաժողով, որին մեր տարածաշրջանի երկրներից հրավիրված են միայն Վրաստանը և Հայաստանը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը՝ շարունակելով.
«Սա բացառիկ հնարավորություն է Հայաստանի ու Արցախի համար խիստ վտանգավոր 3+3 ձևաչափը անհեռանկար ու աննպատակահարմար համարելով՝ մերժելու առումով։ Մեր տեղը, իմ կարծիքով, ժողովրդավար երկրների ընտանիքում է, և Հայաստանը պետք է համաժողովին մասնակցի ամենաբարձր` վարչապետի մակարդակով։ Սա լավ հնարավորություն է նաև առաջադեմ հանրությանը Արցախի հիմնահարցը ժողովրդավարության, մարդու իրավունքների, ինքնորոշման և «Անջատում հանուն փրկության» լույսի ներքո ներկայացնելու համար։

Այլ ձևաչափով մասնակցությունը ոչ միայն դիվանագիտական ու քաղաքական լուրջ բացթողում կլինի, այլև չի գնահատվի ոչ հրավիրողների, ոչ չհրավիրվածների կողմից»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ում կայանալիք ժողովրդավարության թեմայով գագաթնաժողովին չեն հրավիրվել Թուրքիան և Ադրբեջանը: Հայաստանը հրավիրված երկրների ցանկում է:

2021 թվականի դեկտեմբերի 9-10-ը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհյուրընկալի ժողովրդավարության երկու գագաթնաժողովներից առաջինը, որը կհամախմբի կառավարությունների առաջնորդներին, հասարակական կազմակերպություններին, մասնավոր հատվածին՝ հաստատելու ժողովրդավարության նորացման օրակարգը, համատեղ ջանքերով դիմակայելու այն սպառնալիքներին, որոնց այսօր բախվում է ժողովրդավարությունը: