Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պատիվ ունեմ» դաշինքից Իշխան Զաքարյանի դուրս գալը կարող է շարունակություն ունենալ․ 1in.am

«Պատիվ ունեմ» դաշինքից Իշխան Զաքարյանի դուրս գալը կարող է շարունակություն ունենալ․ 1in.am
Քաղաքականություն
14:23, 08 ноябрь 2021
Իշխան Զաքարյանն արդեն չի հերքում, որ դուրս է գալիս «Պատիվ ունեմ» խմբակցությունից՝ պահպանելով ընդդիմադիր գործչի իր կերպարը: Նա խոստացել է երկուշաբթի հանդես գալ հայտարարությամբ: Դրանից առաջ էլ «Հայաստան» խմբակցությունից Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանն էր վայր դրել մանդատը: Արդեն խոսակցություններ են հնչում, որ խորհրդարանական ընդդիմությունը խմբերի է բաժանվում, պառակտվում է:

Այս թեմային անդրադառնալով, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նկատեց, որ այնպես չէ, որ հենց սկզբից էլ կար տպավորություն, որ խորհրդարանական ընդդիմությունը համախմբված չէ, առաջին հերթին այն պատճառով, որ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները իրարից տարբերվող քաղաքականություն էին վարում, թեև հասկանալի է, որ շատ հարցերում, հատկապես իշխանության դեմ ուղղված գործողություններում համատեղ էին հանդես գալիս. «Կարելի է նշել, որ նման մոտեցումը հավանաբար կոնկրետ «Պատիվ ունեմ» դաշինքի ներսում որոշակի դժգոհություններ է առաջ բերել: Հաշվի առնելով թե Մհեր Սեդրակյանի որդու՝ մանդատը դնելը, թե Իշխան Զաքարյանի խմբակցությունից դուրս գալը, կարելի է ասել, որ սա կարող է լինել շարունակական գործընթաց, քանի որ չի նկատվում օրակարգերի ընդհանրություն երկու ընդդիմադիր խմբակցությունների, և ընդհանրապես նրանց քաղաքական գործունեության միջև: Տեսեք, եթե «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է ինչ-որ համախմբման մեկնարկի մասին, ցույցեր սկսելու մասին, «Պատիվ ունեմ» խմբակցության անդամների կողմից մենք դեռևս էական աջակցության մասին չենք լսել: Կարելի է ասել, որ այստեղ կան հավանաբար  մարտավարական հակասություններ, որոնք  էլ որոշ անդամների մոտ տարակուսանք են, հավանաբար, առաջ բերում, ինչն էլ ի վերջո, հանգում է քաղաքական ապահարզանի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է տեսակետին, որ Իշխան Զաքարյանը կարծես  նախընտրում է հեռանալ Սերժ Սարգսյանի առաջնորդած քաղաքական շրջանակից, Ռոբերտ Ղևոնդյանն ասաց. «Այստեղ ամեն ինչ կախված է ոչ թե և ոչ այնքան անձամբ Սերժ Սարգսյանի գործոնից, որքան ընդհանուր առմամբ այդ քաղաքական ուժի դիրքավորումից, որը կարծես թե, արմատական, հակաիշխանական դաշտից որոշակի տարածություն է պահում: Սա, հավանաբար, դուր չի գալիս այն գործիչներին, որոնք անդամակցել են տվյալ քաղաքական ուժին, ենթադրելով, որ նրանք նույնպես այն գծի մեջ են, ինչ գծի մեջ է «Հայաստան» դաշինքը: Այստեղ էլ, ամենայն հավանականությամբ, կոնկրետ Իշխան Զաքարյանի դեպքում չեն համընկնում մոտեցումները: Կարող ենք նաև մի փոքր փակագծերը բացելով ասել, որ հավանաբար, Իշխան Զաքարյանը նաև անձնական, անհատական ակնկալիքներ ուներ, որոնք չեն ապահովվում կոնկրետ այդ քաղաքական ուժի շրջանակներում»:

Քաղաքագետի կարծիքով, եթե ամեն ինչ այսպես շարունակվի, լինելու են լուրջ խնդիրներ այդ երկու ուժերի շարքերում. «Այնուամենայնիվ, մի բան հաշվի առնենք, որ այն արմատական միջուկը, որն ընկած է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներում, բավականին նշանակալի է և փոքր հավանականություն կա, որ այդ միջուկը կարող է խարխլվել: Այսինքն 1-2 հոգու հեռանալը, այնուամենայնիվ, դժվար թե բերի խմբակցությունների քայքայմանը: Կարծում եմ՝ մինչև հաջորդ ընտրությունները՝ անկախ նրանից, թե դրանք կլինեն հերթական, թե արտահերթ, նշված խմբակցություններն իրենց գործունեությունը կկարողանան շարունակել: Իհարկե, այլ հարց է, թե այդ գործունեությունն ինչին է միտված, դեպի ուր է գնում: Հենց այդ հարցից էլ դուրս են գալիս նման խնդիրները, երբ մարդիկ այլևս չեն ցանկանում աշխատել:  Ժամանակի ընթացքում, այնուամենայնիվ, նշված երկու խմբակցություններն էլ կկարողանան պահպանել իրենց դիրքերը խորհրդարանում»,-ընդգծեց Ղևոնդյանը: