Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սովորական ռևանշի փորձ է, ոչ ավելի. Իրենք ընդդիմություն չեն, սպասարկում են կոնկրետ մարդու շահեր, նրանց շուրջը համախմբում հնարավոր չէ. Վիգեն Խաչատրյան

Սովորական ռևանշի փորձ է, ոչ ավելի. Իրենք ընդդիմություն չեն, սպասարկում են կոնկրետ մարդու շահեր, նրանց շուրջը համախմբում հնարավոր չէ. Վիգեն Խաչատրյան
Քաղաքականություն
18:56, 08 ноябрь 2021
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից հետո ռևանշիստների շահարկման թեմաները պակասեցին։ Նրանց առաջ քաշած հիմնական թեզերը հերքվեցին։ Հետևաբար նրանցից, իրենց հանրահավաքից  ոչ մի բան  պետք չէ սպասել։ Իրենց նպատակն ապակայունացման փորձերն են, իրենց խնդիրը իշխանափոխությունն է, որի ուժը իրենք չունեն»,-civic.am-ի հետ զրույցում ասաց  քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով ընդդիմության՝ այսօր Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքին։ 

Նշենք, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է մի շարք հարցերի՝ ընդգծել, որ միջանցքի հարցը փակված է, խոսել է «3+3» ձևաչափի, սահմանազատման, անվտանգության խնդիրների մասին, անդրադարձել է գերիների խնդրին։  

Վարչապետը նաև նշել է, որ ՌԴ, Հայաստան, Ադրբեջան ղեկավարների նոր հանդիպում այս պահին չի նախապատրաստվում, թեև այսօր ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, և հնարավոր հանդիպումը լինելու է տեսակոնֆերանսի ֆորմատով։ 

Քաղաքագետի խոսքով՝ անկախ հնչեցված հավաստիացումներից, այդ թեմաները շահարկելով, իրավիճակը սրելով՝ ռևանշիստները ցանկանում են կայուն կերպով երկիրը պահել լարված վիճակում: «Բայց իրենք նույն սխալն են կրկնում, ինչ Վազգեն Մանուկյանը։

Հետևաբար նույն օրինակով իրենց պայքարը կմարի, կոչնչանա, կգոլորշիանա, ինչպես «Հայրենիքի փրկության շարժումը», և կմնան միայն իրենք։ Իրենք քաղաքագիտության ոլորտից զրո գիտելիքներ ունեն, որևէ կանխատեսման կարողություն չունեն։ Միշտ սխալ են դուրս գալիս։

Իրենց գլխավոր խնդիրը, կրկնում եմ, ապակայունացումն է, հետ ու առաջ են գնում՝ ցույց տալու համար, որ շարժվում են։ Հիմա էլ շփոթված վիճակում են, չգիտեն ինչ անել՝ հանրահավաք են անում։ Իրենք ասելիք, անելիք, օրակարգ չունեն։ Իրենք հասարակության կողմից մերժված են, դուրս են մղված։ Իրենց շուրջը երբեք չի կարող հասարակական համախմբում լինել»,- ընդգծեց Շիրինյանը՝ ավելացնելով, որ նման  միտինգները միայն մի դրական ազդակ ունեն՝ իշխանություններին պարբերաբար հիշեցնել խոստացված, բայց դեռ չիրականացված խոստումների, ռեֆորմների մասին։

Իշխող ուժից ԱԺ պատգամավոր, քաղաքագետ Վիգեն Խաչատրյանը ևս համոզված է, որ նման հանրահավաքները կեղծ օրակարգ են, առաջ քաշված օրակարգ ևս չկա, և որևէ լուրջ բան դրանից սպասել հնարավոր չէ: «Քանի որ խորհրդարանում իրենց գործունեությունը չստացվեց, նրանք դրսևորեցին իրենց սնանկությունը որպես քաղաքական գործիչներ, մնացել են իրենց  վրա ուշադրություն գրավելու նման ձևերը։ Դա է իրենց խնդիրը. փորձում են ուշադրություն գրավել»,- ասաց Խաչատրյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ այդ մարդիկ ի սկզբանե էլ գիտեին, որ իրենց առաջ քաշած թեզերը կեղծ են, հնարածին են, պարզապես շահարկում են դրանք՝ հանրային հնչեղության հասնելու համար: «Կամ էլ հնարքի են դիմում, որ վերջում նման բան չլինի, ու իրենք ասեն՝ այ տեսնում եք՝ եթե մենք չլինեինք, դրան չընդդիմանայինք, այդպես կլիներ, իսկ մենք կանխեցինք։ Իրենց բնորոշ են նման մանիպուլյացիաները։ Այդ մարդիկ փորձված բանսարկուներ են, կարող են ամեն կերպ ճկունություն ցուցաբերել, իրենք միշտ մի բան ասում, այլ բան են անում։ Լրիվ ուրիշ նպատակ են հետապնդում։ Սովորական ռևանշի փորձեր է, ոչ ավելի»,- ասաց Խաչատրյանը։ 

Մեր հարցին՝ հասարակական համախմբում, քաղաքական ուժերի կոնսոլիդացիա այս  պահանջով  փողոց դուրս եկած ընդդիմության շուրջ հնարավո՞ր է, Խաչատրյանը պատասխանեց. «Իրենք փորձում են դժգոհության ալիքի վրա շահարկումներ անել։ Պարզ է, որ բարդ իրավիճակում ենք, դժգոհ մարդիկ քիչ չեն։ Իրենք փորձելու են այդ դժգոհ մարդկանց զգացմունքների  վրա խաղալ, դրա վարպետն են, մեծ մեդիառեսուրս ունեն, բայց չեմ կարծում, որ այդ ուժի շուրջը կարող է համախմբում լինել։ Իրենք  ընդդիմություն չեն, սովորական ռևանշիստներ են և սպասարկում են կոնկրետ մարդու շահեր»։