Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոր նմուշի անձնագրում պետության փոխարեն մարզը, քաղաքը, գյուղը կարող է նշվել միայն անձի ցանկությամբ. Արա Ֆիդանյան

Անձնագրում պետության փոխարեն մարզը, քաղաքը, գյուղը կարող է նշվել միայն անձի ցանկությամբ. Արա Ֆիդանյան
Առաջարկվում է հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2022թ. դեկտեմբերի 31-ը. Արա Ֆիդանյան

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, հրավիրվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստին ներկա է նաև Արծրուն Հովհաննիսյանը: Օրակարգի առաջին հարցը ՀՀ քաղաքացու անձնագրի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին և Նույնականացման քարտի մասին փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին է: 

«Օրինագծով առաջարկվում է մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիների անձնագրերը տրամադրել նրանց մինչև 19 տարին լրանալը՝ գործող 18 տարեկանի փոխարեն, իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման ժամանակահատվածից բացի՝ նաև զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքով սահմանված բժշկական փորձաքննության ժամկետով»,- ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:

Նրա խոսքով՝ առաջարկվում է նաև պաշտպանության նախարարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին ավելի երկար ժամկետով անձնագիր տրամադրելու հնարավորություն նախատեսել այլ բացառիկ դեպքերում, այն է՝ ուսման, բուժման, սպորտային, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով. «Օրինագծերի ընդունման դեպքում անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը կերաշխավորվի նաև այն դեպքում, երբ հիվանդությամբ պայմանավորված՝ շարժվելու, գրելու ունակությունը, հիշողությունը կորցրած կամ բուժհաստատությունում անգիտակից վիճակում գտնվող քաղաքացին ի վիճակի չի լինի անձամբ ներկայացնելու դիմում»:

Ինչպես նշեց փոխոստիկանապետը, անձնագրում առաջարկվում է նաև անձի ցանկությամբ ծննդավայր պետության փոխարեն նշել մարզը, շրջանը, քաղաքը, ավանը կամ գյուղը ծննդյան վկայականում համապատասխան նշումների առկայության դեպքում:

Արա Ֆիդանյանն ընդգծեց, որ օրինագծի նպատակն է նաև հին նմուշի՝ ոչ կենսաչափական տվյալներով անձնագրերը տրամադրելու վերջնաժամկետը երկարաձգել ևս մեկ տարով, այն է՝ 2022թ. հունվարի 1-ի փոխարեն մինչև 2022թ. դեկտեմբերի 31-ը: