Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաշվեքննիչ պալատի ամբողջական և փաթեթային քննարկումների փուլը շատ արագ պետք է անենք, որ դրանից բոլորը ստանան միայն օգուտ․ Իշխան Զաքարյան

Հաշվեքննիչ պալատի ամբողջական և փաթեթային քննարկումների փուլը շատ արագ պետք է անենք, որ դրանից բոլորը ստանան միայն  օգուտ․ Իշխան Զաքարյան
Քաղաքականություն
11:53, 09 ноябрь 2021
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր 5 կողմ, 2 դեմ ձայներով դրական եզրակացությամբ ընդունվեց  «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Մինչև քվեարկությունը հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը խոսելով նախագծում փոփոխությունների և ներկայացված առաջարկների մասին՝ ասաց, որ այստեղ փիլիսոփայության հարց է՝ գնալ իմպերատիվ ճանապարհով, թե՞ դիսպոզիտիվ ճանապարհով։
«Մենք մի ճանապարհ ենք ընտրել, բայց զուտ այն տրամաբանությամբ, որ հաշվեքննիչ պալատը ինքն ունենա այդ ազատությունը և ինքը որոշի դա պետք է, թե ոչ, որովհետև չենք բացառել այն իրավիճակը, որ ներքին աուդիտի արդյունքում կարող է լինել ոչ վստահելի, կամ ոչ այնքան բարձր որակի, միգուցե։ Եվ դրա ուսումնասիրությունը չդառնա ինչ-որ պարտադիր մի բան և անպայման այդ աուդիտին կցվի»,-ասաց Գևորգ Պապոյանը։

Նա սկզբում քվեարկության դրեց փաթեթի վերաբերյալ իր առաջարկությունները։ Իսկ մինչև այս քվերակությունը պատգամավոր  Իշխան Զաքարյանն ասաց, որ եթե հիմա բոլորը հասկացան, որ նախագծում գլոբալ փոփոխության կարիք ունեն, և եթե սա հիմա հիմք են ընդունում, ապա ինքն առաջարկում է ինչ-որ ձևով ֆիքսեն։

«Մնացած քվեարկությունը, ձեր առաջարկած փոփոխությունների կարծում եմ՝ որևէ խնդիր չի ստեղծելու այս երկրորդի համար, այսինքն՝ երկրորդ մասը՝ հաշվեքննիչ պալատի օրենքի գլոբալ ամբողջական փոփոխությունների լրացումների հետ կապված հիմա մենք ինչ-որ կերպ արձանագրենք, որ սա կա օրակարգում և հանձնաժողովը սկսելու է բոլոր շահագրգիռ կառույցների հետ աշխատել։ Սա եթե մենք արձանագրում ենք, ես կողմ եմ քվեարկելու»,- ասաց Իշխան Զաքարյանը։

Դրանից հետո Գորգ Պապոյանի ներկայացված առաջարկները հաստատվեց 5 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներով։ 
Իսկ արդեն առաջարկված լրամշակված տարբերակն ընդունվեց 5 կողմ, 2 դեմ ձայներով։

Քվեարկությունից հետո Իշխան Զաքարյանն ասաց, որ 2022 թվականի բյուջեի քննարկումն ավարտելուց հետո սկսում են հաշվեքննիչ պալատի ամբողջական և փաթեթային քննարկումների փուլ, և դա շատ արագ պետք է անեն, որ դրանից բոլորը ստանան միայն  օգուտ։