Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շարժվելու ունակությունը կորցրած անձանց դեպքում անձնագրի համար կարող են դիմել նրանց հարազատները. Խնդիրը ծագել է 44-օրյա պատերազմից հետո. Փոխոստիկանապետ

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, հրավիրվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստին ներկա է նաև Արծրուն Հովհաննիսյանը: Օրակարգի առաջին հարցը ՀՀ քաղաքացու անձնագրի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին և Նույնականացման քարտի մասին փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին է: 

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին խնդրեց ավելի մանրամասն ներկայացնել, թե որտեղից է ծնվել օրինագծի գաղափարը, և որն է դրա նպատակը: Ի պատասխան փոխոստիկանապետը նշեց, որ հիմնական գաղափարն այն է, որ օրինագծով առաջարկվում է մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիների անձնագրերը տրամադրել նրանց մինչև 19 տարին լրանալը. «Երուսաղեմի մեր պատրիարքությունն էր նախ դիմել, որպեսզի այնտեղ ուսուցանող անձանց ավելի երկար ժամկետով անձնագիր տրամադրվի»:

Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանի խոսքով՝ որոշ երկրներում, որպեսզի հնարավորություն լինի տվյալ երկրում կացության վիզա ձևակերպել, անհրաժեշտ է առնվազն երկու տարի վավերականության ժամկետով անձնագիր. «Մինչև 18 տարեկանը անձնագիր տրամադրելու դեպքում մեր համաքաղաքացիները կանգնում էին լուրջ խնդիրների առաջ»:

Ինչ վերաբերում է շարժվելու ունակությունը կորցրած անձանց դեպքում հարազատների կողմից անձնագրային գործողությունների համար դիմում ներկայացնելուն, ապա Արա Ֆդանյանը նշեց, որ խնդիրը ծագել է  44-օրյա պատերազմից հետո. «Պատերազմին մասնակցած տղաները, որոնց անհրաժեշտ էր արտերկիր տեղափոխել, ի վիճակի չէին դիմելու անձնագրային գործողություններ կատարելու համար և կանգնում էին խնդիրների առաջ: Այս առումով անհրաժեշտ է նաև բժշկական տեղեկանք առ այն, որ տվյալ անձն ի վիճակի չէ դիմելու անձնագրային գործողության»: