Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախցին ո՞ւմ դեմ պայքարի. թշնամու դե՞մ, թե՞ ինչ-որ կեղծ օրակարգերով մտնի հայաստանյան քաղաքական դաշտ․ Արցախից արձագանքում են Քոչարյանին․ 1in.am

Արցախցին ո՞ւմ դեմ պայքարի. թշնամու դե՞մ, թե՞ ինչ-որ կեղծ օրակարգերով մտնի հայաստանյան քաղաքական դաշտ․ Արցախից արձագանքում են Քոչարյանին․ 1in.am
Քաղաքականություն
18:10, 09 ноябрь 2021
Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյան։

-Նախօրեին Շուշիի մոտ ադրբեջանցիները կրակել են ջրատար խողովակների վրա աշխատող անձանց վրա. կա մեկ զոհ, երեք վիրավոր։ Ի՞նչ է կատարվում Արցախում, արդյոք կա լարվածություն:

-Լարվածությունն այն է, որ բնակչությունն արդեն թերահավատ է, քանի որ այն բոլոր կառույցները, որոնք պատասխանատու են այդ ամենի համար, ճիշտ չեն աշխատանք կատարում: Օրինակ, 2021-ի սեպտեմբերի10-ին Արցախի նախագահի կարգադրությամբ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը նշանակվել է  ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերը համակարգող: Երեկ այդ դեպքը տեղի ունեցավ Անվտանգության խորհրդից ոչ մի արձագանք չկա, անհասկանալի է, թե 50 հոգանոց այդ կառույցն ինչ գործունեություն է ծավալել, որպեսզի ռուս խաղաղապահներն այդ գործընթացի վերահսկողությունն ավելի լավ կազմակերպեն և անվտանգությունն ապահովեն: Ժողովրդի մեջ թերահավատություն ավելանում է նաև մեր Պաշտպանության բանակի նկատմամբ, քանի որ Հայաստանից ինչ առաջարկություն գալիս է, բերանները փակ կատարում են: Այնինչ մեր այսօրվա սահմանների պայմաններում մեզ անհրաժեշտ են համապատասխան քանակի զինված ուժեր, արհեստավարժ ու համապատասխան զինատեսակներով: Մենք նո՞ր ենք մեր թշնամուն ճանաչում, նրանց ձեռագիրն իմանում: Թուրքերը կարող են խաղաղ ապրել մեզ հետ, եթե իմանան, որ մենք իրենցից ուժեղ ենք:

Իսկ այսօր Ադրբեջանը Արցախի հայաթափման քաղաքականություն է իրականացնում: Այ դա մեզ անհանգստացնում է: Ես որպես ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահ տեսնում եմ բոլոր բացերը, չկամությունը համագործակցել մեր հանձնաժողովի հետ թե Անվտանգության խորհրդի կողմից, թե ՊԲ-ի կողմից: Մնացած ուժային կառույցների հետ համագործակցությունը նորմալ է, աշխատանքները կատարվում են, բայց այդ երկու կառույցի կողմից ընդհանրապես քաղաքական ենթատեքստից ելնելով, ուզում են բոյկոտի ենթարկել: Իրենք  հարցը տեղափոխում են իրենց համապատասխան դաշտ, որպեսզի այնտեղ գործեն, որովհետև իրենք իրենց պարտականություններն ընդհանրապես չեն կատարում: Այսօր էլ զինվորն ու սպան իրենց կյանքը վտանգելով կանգնած են սահմանին, չէի ասի, որ նույնը կատարվում է ղեկավարության կողմից: Բացի թամաշա անելու պատմություններից ուրիշ ոչ մի բան չենք տեսնում: Նույնը քաղաքական ուժերի մասին է, ՀՅԴ-ն, ԱԺԿ-ն, «Արդարությունը», ընդամենը ժողովրդի մեջ խուճապ սերմանելով ապրում են:

Թշնամուն հերոսացրել են, իսկ մեր ժողովրդի հերոս տղերքը, որ թույլ ու սխալ ղեկավարման արդյունքում մինչև վերջին կաթիլը պայքարել են, հիմա իրենք քաղաքական շահարկումներ են անում:  Քանի որ պաշտպանության հանձնաժողովի ղեկավարը «Միասնական հայրենիք» կուսակցությունից է և էն գիծն է տանում, որը միակ ճիշտ է այսօր, կոնկրետ Սամվել Բաբայանն իր վերջին հարցազրույցներում նորից ամեն ինչ ներկայացրեց, հիմա իրենց կողմից կատարվում է լրիվ հակառակ պրոցեսը: Քաղաքական շահարկումներ են անում, որ հետևանքով մեր ժողովուրդն է տուժում: Բայց չենք թողնելու, հետևողական գնալու ենք, բերելու ենք կառուցողական դաշտ: Եթե աշխատում են, թող աշխատեն, չեն աշխատում՝ թող դիմում կամ զեկուցագիր գրեն, ու գնան իրենց այգիները մշակեն, իրենց բիզնեսները շարունակեն: Սա է իմ տեսակետը, քանի որ 22 տարեկան երիտասարդի կյանքը նրանց խղճին է: Մենք մեր հանձնաժողովի աշխատանքներով ամեն ինչ անելու ենք, որպեսզի բերենք կառուցողական դաշտ, էսպես շարունակել չի կարելի:

-Խաղաղ բնակիչների վրա այս կրակոցները կրակոցներ են Ռուսաստանի՞ ուղղությամբ: Սամվել Բաբայանն, ըստ էության, հայտարարել է, որ փորձում են հայ-ռուսական եղբայրության վրա ստվեր նետել:

-Սա ուղղված է և ռուս խաղաղապահների հեղինակության իջեցմանը, և Արցախը հայաթափելուն, ժողովրդի մեջ անվստահության մթնոլորտ սերմանելուն:  Հարցազրույցներ են տալիս, քննադատում են իշխանություններին: Հիմա ընդդիմության ներկայացուցիչ Վիտալի Բալասանյանը Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարն է, ինչո՞ւ չեն մի հայտարարություն էլ տարածում ու քննադատում ԱԽ քարտուղարին, չեն ասում՝ Անվտանգության խորհուրդն է համակարգում անվտանգության հարցերը, ինչո՞ւ պատշաճ չի համակարգել:

-Երեկ էլ Երևանում էր հանրահավաք, որի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, թե համազգային դիմադրության շարժում են սկսում ՀՀ-ում, Արցախում, Սփյուռքում: Արցախում այս առումով ի՞նչ են մտածում:

Ճիշտ կլիներ, որ թե ընդդիմադիր, թե իշխանական բոլոր ներկայացուցիչները համազգային համախմբման և համազգային պայքարի կոչ անեին: Արցախում մտածում են, որ հոգնել են այդ բոլոր տեսակի աճպարարություններից,  թե ընդդիմության, թե իշխանության կողմից: Արցախում ուզում են, որ հստակ արտաքին քաղաքականություն վարվի, ներքին անվտանգության հարցերի վերաբերյալ հստակ տեսլականներ լինեն, լինի ազգային դոկտրինա, որով առաջնորդվեն: Երբ արցախցին տեսնում է, որ իշխանությունն ու ընդդիմությունը իրար հետ գզվռտոցի մեջ են, իսկ նույն պահին 22 տարեկան տղան, որ դուրս է եկել աշխատանքի ու զոհվում է, դա է ցավալին: Մենք պետք է հակազդենք թշնամուն, իսկ եթե դրա փոխարեն պետք է իրար միս ուտենք, դա ոչ մի լավ բանի չի բերելու:

Շարունակությունը՝ 1in.am